Գիտնականները նանոմասնիկներ են ստեղծել, որոնք ինֆրակարմիր լույսի պայմաններում մի քանի վայրկյանում կարողացել են ոչնչացնել մանրէներին:
Գիտնականներն իրենց աշխատանքում օգտագործել են պլազմայական ռեզոնանս կոչվող երեւույթը` նանոմասնիկների մակերեւույթին էլեկտրոնային հատուկ տատանումները, որոնք առաջանում են լույսով հատուկ անկյան տակ ճառագայթելու դեպքում: Ընդ որում, մասնիկը կարող է արդյունավետորեն կլանել ճառագայթումը եւ մեծ քանակությամբ ջերմություն արտազատել:
Գիտնականներն այնպիսի նանոմասնիկներ են օգտագործել, որոնք իրենցից ներկայացնում էին ծակոտկեն ոսկե սկավառակներ 400 նանոմետր տրամագծով: Մանր սկավառակներից կազմված հարթ շերտի վրա երեք տեսակի մանրէ են տեղադրել` աղիքային ցուպիկ (Escherichia coli) եւ ջերմակայուն Bacillus subtilis եւ Exiguobacterium, ինչից հետո նանոմասնիկները հինգից 30 վայրկյան ճառագայթել են ինֆրակարմիր լույսով:
Արդյունքները ցույց են տվել, որ նանոմասնիկները տաքանում էին մինչեւ Ցելսիուսի 200 աստիճան` ջերմություն, որը գերազանցում է մանրէների ջերմակայունությունը: E.coli-ների համայնքն ամբողջությամբ ոչնչացել է հինգ վայրկյանում, իսկ Bacillus subtilis-ը եւ Exiguobacterium-ը` 25 վայրկյանից:
Հետազոտողները կարծում են, որ իրենց մշակումը թույլ կտա հակաբիոտիկների հանդեպ կայուն հիվանդածին օրգանիզմների առաջացրած հիվանդությունների թերապիայի նոր միջոցներ ստեղծել : Հետազոտության արդյունքները հրապարակվել են Optical Materials Express ամսագրում:






