Գիտնականների միջազգային խումբը կապ է հայտնաբերել աուտիզմի հետ կապված գենետիկական մուտացիաների եւ առողջ մարդկանց մոտ սոցիալիզացիայի խանգարման թեթեւ ախտանիշների միջեւ: 

Բրիստոլի համալսարանի, Բրոուդի ինստիտուտի եւ Մասաչուսեթսի նահանգի Ընդհանուր կլինիկական հիվանդանոցի հետազոտողները տվյալների մի քանի հավաքածու են օգտագործել աուտիստիկ սպեկտրի հիվանդությունների գենետիկական գործոնների եւ բնակչության լայն շերտերի պահվածքային առանձնահատկությունների միջեւ ընդհանրություններ գտնելու համար:   Նախ` դրանք ծնողների եւ 1991-1992-ին Բրիստոլում (Մեծ Բրիտանիա) ծնված նրանց երեխաների երկարատեւ հետազոտման արդյունքներն են: Երկրորդ` դրանք միջազգային հետազոտության տվյալներն են, որոնք վերաբերում են աուտիզմի հետ կապված գենետիկական նշաններին: 

Հետազոտողները նախ առանձնացրել են այն մուտացիաները, որոնք իրենց ամբողջության մեջ կարող են աուտիզմի հանգեցնել, նրանք ստուգել են, թե արդյոք գենետիկական առանձին վարիացիաներ կապված են սոցիալական փոխգործակցության, հաղորդակցության եւ խոսքի խանգարումների դժվարությունների հետ:  Արդյունքները ցույց են տվել, որ գենետիկական առանձին գործոններ իրոք կապված են պահվածքային որոշակի գծերի, ինչպես նաեւ առողջ երեխաների մոտ հոգեբանական զարգացման առանձնահատկությունների հետ: Գենետիկական ռիսկերի որոշակի համադրության դեպքում աուտիստիկ սպեկտրի հիվանդությունների ռիսկեր են ի հայտ գալիս:  

«Մենք կարող ենք պահվածքի եւ մտածողական առանձնահատկությունների մասին տվյալներն օգտագործել` բացահայտելու գենետիկական գործոնների ազդեցության մեխանիզմը: Այժմ մենք միջոց ունենք` պարզելու, թե ինչ հիվանդություններ եւ ֆենոտիպային նշաններ են կապխված գենետիկական ռիսկի որոշակի տեսակների հետ», — ասում է հետազոտության հեղինակներից մեկը` Էլիս Ռոբինսոնը: 

Հետազոտությունը ցույց է տվել, որ առողջ մարդկանց եւ աուտիստների միջեւ գոյություն ունեն միջանկյալ վիճակներ, որոնք շարունակականություն են ստեղծում: Հոդվածը հրապարակվել է Nature Genetics ամսագրում: