Լիստերիոզը սուր վարակիչ հիվանդություն չէ, սակայն որոշ դեպքերում կարող է մահացու ելք ունենալ: Որպես կանոն, դա տեղի է ունենում լիստերիայի` գլխուղեղ ներթափանցման դեպքում, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է կենսաբան Հայկ Ալեքսանդր Էսկանդարյանը` ախտածինների հետազոտման ոլորտում ձեռքբերումներին նվիրված դասախոսությունների շարքի շրջանակում:
Նրա խոսքով, ամենից հաճախ վարակումը տեղի է ունենում բանջարեղենի եւ մրգերի միջոցով, ինչպես նաեւ չեռացրած եւ չպաստերիզացված կաթ եւ դրանցից պատրաստված մթերքներ օգտագործելիս: Լիստերիոզի առումով վտանգավոր են նաեւ սառեցված կիսաֆաբրիկատները, հում ձվերը, կիսահում միսը: Բարձր ջերմաստիճանի պայմաններում լիստերիաները մեռնում են:
Կենսաբանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ չափահաս մարդիկ ուժեղ իմունային համակարգի շնորհիվ կարող են չզգալ հիվանդության ախտանիշները: Սակայն երեխաները, որոնց իմունային համակարգը դեռ չի ամրացել, հեշտությամբ «տրվում են» լիստերիոզին: «Դա ինչ-որ առումով նույնիսկ լավ է, որովհետեւ վարակն արագ իրեն զգացնել է տալիս», - նշել է Էսկանդարյանը:
Առավելագույն վտանգը, նշել է նա, լիստերիոզը ներկայացնում է հղի կանանց համար: «Հղիության վաղ փուլերում մանրէն ներթափանցում է ընկերքով եւ պտղի մահվան պատճառ է դառնում, իսկ ավելի ուշ` ներքին օրգանների վարակման: Դեղամիջոցներն առավել հաճախ անզոր են լինում վարակի առջեւ: Նման երեխաների ողջ մնալու շանսերը բարձր չեն», – ասել է նա։






