ԱՄՆ-ի մասնագետների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ քաշի կորստի համար անհրաժեշտ է պարզ փոփոխություններ մտցնել սննդային սովորույթներում: Սկզբունքային պայմանն այն է, որ պետք է բավականին երկար ժամանակահատվածի, գոնե` մի քանի շաբաթվա ընթացքում մեթոդաբար հետեւել այդ փոփոխություններին: 

ԱՄՆ-ում Կոռնելի համալսարանի Սննդամթերքի եւ ապրանքանիշների լաբորատորիայի հետազոտողները եզրակացրել են, որ ամսվա մեջ ավելի քան 25 օրվա ընթացքում սննդային ընդունված ծեսերի փոփոխությունները զգալիորեն նպաստում են նիհարելուն:  Միաժամանակ մարդը պիտի շատ խնամքով հետեւի փոփոխությունններին` այնպես, որ դրանք նրա «երկրորդ էությունը» դառնան:

Հետազոտության ընթացքում 504 կամավոր հարցաթերթիկ է լրացրել, որն ի հայտ է բերել նրանց կենսակերպի առանձնահատկությունները: Այդ տեղեկությունների վերլուծությունից հետո մասնագետները մարդկանց խորհուրդներ են տվել այն երեք փոփոխությունների մասին, որոնց անհրաժեշտ է հետեւել ամսվա ընթացքում: Նախագծի արդյունքներն ամփոփելիս պարզվել է, որ մասնակիցների 42 տոկոսը նիհարել է, իսկ  27-ը պահպանել է առկա քաշը:

Այն խորհուրդները, որ տալիս էին մասնակիցներին, կենսակերպում լուրջ փոփոխություններ չէին պահանջում. մարդկանց անհրաժեշտ չէր սննդակարգի հետեւել կամ էլ ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Բայց, ինչպես համոզվել են բժիշկները, ընդունված սննդի նույնիսկ մի քանի շտկում բավարար էր նիհարելու համար: Դա հատկապես նկատելի էր նրանց մոտ, ովքեր կայուն կերպով` օրեցօր հետեւում էին փոփոխություններին:  

«Կամավորները, որոնք փոփոխություններին հետեւել են ամսվա ընթացքում   25 օր եւ ավելի, նույն ժամանակահատվածում նիհարում էին միջինը  900 գրամով: Նրանք, ովքեր երեք ամիս էին հետեւում, կորցնում էին իրենց սկզբնական քաշի միջինը   1 տոկոսը», - արձանագրել են բժիշկները: