Մի շարք հիվանդությունների պատճառ կամ հետեւանք հանդիսացող ավելորդ քաշի եւ ճարպակալման, ինչպես նաեւ չափից շատ նիհարության ընդհուպ մինչեւ անորեկսիայի խնդիրները այժմ շատ սուր են կանգնած մարդկության առջեւ: Բժշկության կիրառական ճյուղ հանդիսացող դիետոլոգիան ուղղված է սննդի ռացիոնալացմանը եւ անհատականացմանը, ինչն ապահովում է քաշի անվտանգ կորուստ, ինչպես նաեւ օգնություն է ցուցաբերում նրանց, ովքեր քաշի ավելացման կարիք ունեն: Իսկ թե ինչու՞մ է ճիշտ սնվելու գաղտնիքը, NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում պատմեց Հայաստանի առողջապահության նախարարության գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիկական բժշկության բժիշկ- դիետեոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

Բժիշկ Պետրոսյան , կա՞ ինչ-որ վիճակագրություն, թե ինչի պատճառով են մեր երկրում մարդիկ քաշ հավաքում:

Կոնկրետ քաշի ավելացման համար վիճակագրություն չկա: Ավելորդ քաշի եւ ճարպակալման պատճառները դեռեւս մինչեւ վերջ, բազմակողմանի ուսումնասիրված չեն: Բայց կան հետազոտություններ, որոնք ուսւոմնասիրում են մի մեծ խումբ ոչ ինֆեկցիոն հիվանդություններ, մասնավորապես, դիաբետը, որոշ ուռուցքային եւ սրտանոթային հիանդություններ: Հենց այս հիվանդությունները կարող են պատճառ դառնալ ավելորդ քաշի հետ խնդիրների առաջացման համար եւ բերել ճարպակալման: Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ավելորդ քաշի հիմնական պատճառներն են ֆիզիկական ակտիվության բացակայությունը, քիչ քանակությամբ մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը, իսկ այս բոլորի հիմքում հիմնականում ընկած են սոցիալական բնույթի խնդիրներ:

Դուք ունեք բուլեմիայով հիվանդներ, եւ ինչպե՞ս տարբերել ուղղակի լավ ուտել սիրող մարդուն, նրանից, ով չի կարողանում կարգավորել սննդի ընդունումը եւ տառապում է բուլեմիայով:

Բուլեմիան լուրջ հիվանդություն է եւ բնորոշվում է չափից ավելի կենտրոնացումով սեփական մարմնի վրա: Մարդը մշտապես դժգոհ է լինում իր արտաքին տեսքից, մասնավորապես, մարմնի զանգվածից: Այս հիվանդության ժամանակ մարդու մոտ չափից շատ ուտելու շրջաններին հաջորդում են շրջաններ, երբ նա չափից քիչ է ուտում: Չափից շատ ուտելուց հետո մարդու մոտ արթնանում է մեղքի զգացողություն, եւ նա ինքն իրեն սկսում է հարցնել. «Ինչու՞ ես այդքան շատ կերա, ինչպե՞ս ես կարող էի, ես պետք է ավելի քիչ ուտեի»: Հաճախ բուլեմիայով տառապողներն լուծողականներ են օգտագործում կամ արհեստական կերպով փսխում են առաջացնում: Եվ եթե, նրանք ինչ-որ շրջան քիչ են ուտում, ապա դա ի վերջո ավարտվում է շատակերությամբ: Ցավոք, այս մարդիկ շատ հազվադեպ են այցելում բժիշկի, արտասահմանում նրանք ավելի հաճախ են դիմում մասնագետներին, քան Հայաստանում: շատերն ուղղակի ամաչում են խոստովանել, որ չափից ավել են ուտում: Բուլեմիայով հիվանդների վերաբերյալ վիճակագրություն չկա: Միայն 4-5 այցից հետո է հիվանդը խոստովանում, որ չափից ավել է ուտում, այսինքն, ոչ ոք առաջին այցելության ժամանակ չի խոստովանում, որ արհեստական կերպով ինքն իր մոտ փսխման ռեֆլեքս է առաջացնում: Սննդի ընդունումից հաճույք ստանալը եւ բուլեմիան մի քիչ տարբեր երեւվույթներ են, բայց տվյալ դեպքում դրանք կարելի է համեմատել իրար հետ:

Հայաստանում շա՞տ են անորեքսիայով տառապողները: Ինչպե՞ս է այդ հիվանդությունը բուժվում:

Շատ մեծ թվով մարդիկ են տառապում այս հիվանդությամբ: Նրանք համառորեն շարունակում են քաղցած մնալ, կենտրոնացած են իրենց արտաքինի վրա, մշտապես դժգոհ են նրանից, բայց վերջիններիս մոտ չկան շատակերության շրջաններ, ինչպես դա դիտվում է բուլեմիայով հիվանդների մոտ: Այս մարդիկ ունակ են ամբողջ օրվա ընթացքում ուտել մեկ սալաթի տերեւ:

Նրանք մշտապես փորձում են նիհարել: Նրանց մոտ բացակայում է պատկերացումը սեփական մարմնի վերաբերյալ: Անորեքսիայով տառապող կանայք հաճախ ունենում են վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ՝ դաշտանի բացակայություն: Անորեքսիկներն իրենց հասցնում են այնպիսի վիճակի, երբ նույնիկս շատ քիչ քանակի ընդունած սնունդը չի յուրացվում: Նրանց մոտ սկսվում է սրտխառնոց, փսխում եւ հաճախ դա բերում է մահվան: Անորեկսիայով հիվանդները նույնպես շատ հազվադեպ են դիմում բժիշկի, մինչդեռ, եթե բուլեմիան հնարավոր է թաքցնել, ապա անորեքսիան հնարավոր չէ:

Շատերն են պայքարում ավելորդ քաշի դեմ, իսկ ի՞նչ եղանակով կարող են քաշ հավաքել նիհարները:

Կան ցածր քաշ ունեցող մեծ թվով մարդիկ, նրանց թիվը մեծ է հատկապես լրագրողների շարքում:Ընդ որում, նիհարներն այս բնագավառում ավելի շատ են, քան  գերերը: Դա պայմանավորված է այն բանով, որ լրագրողները, հատկապես նրանք, ովքեր վարում են ռեպորտարժներ եւ հարցազրույցներ, ունեն յուրահատում մարմնակառուցվածք: Նրանք մշտապես շարժման մեջ են, մշտապես փոխում են իրենց աշխատանքի վայրը եւ անընդհատ նոր մտքեր ունեն: Հնդկական դասակարգման համաձայն, այս մարդիկ պատկանում են «քամի» տեսակին: Նրանք քամու նման են՝ վազում են այս ու այն կողմ,ամեն-ինչ հասցնում են, ամեն-ինչ անում են, միակ խորհուրդը նրանց՝ ուտելն է, ընդ որում ուտել օրական երեք անգամ՝ նախաճաշ, ճաշ եւ ընթրիք: Դա պարտադիր է: Շատ հազվադեպ կարելի է հադիպել լրագրողի, ով հետեւում է այս ռեժիմին, լավագույն դեպքում նրանց օրակարգն ունի հետույալ տեսքը ՝ հացաբուլկեղեն օրվա ընթացքում եւ ընթրիք աշխատանքից հետո: Նիհար մարդիկ պարտադիր իրենց օրը պետք է այնպես ծրագրավորեն, որ լիարժեք նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը առկա լինեն նրանց օրվա ռացիոնում: Խաչապուրիները, հոթ-դոգերը, տարբեր ճարպոտ շերտավոր խմորները չեն հանդիսանում առողջ սնունդ: Անընդհատ շատ եւ ճարպոտ սննդատեսակներ ուտելուց մարդը քաշ չի հավաքի: Կարեւոր է նաեւ փորձել օրվա ընթացքում օգտագործել տաք ըմպելիքներ:

Որ՞ն է նիհարելու ամենատարածված եղանակը, որ՞ն են ավելի շատ նախընտրում հիվանդները, եւ, որ՞ն եք դուք հաճախ խորհուրդ տալիս:

Նիահրելու ամենատարածված եղանակ ասելը, դեռ չի նշանակում, որ այն ամենալավն է: Ամենատարածված եղանակաը համարվում է այն, որն այժ մոդայիկ է: Երեւանում սկզբում տարածված էր Դյուկանովյան դիետան, հետո կոճապղպեղն էր (имбирь), իսկ այժմ կանաչ սուրճն է: Բոլոր այս եղանակները հեռու են ճիշտ եւ անվտանգ լինելուց: Մարդկությունը դեռ չի հորինել այպիսի մեթոդներ, որոնք թույլ կտան արագ քաշ կորցնել կամ ավելացնել: Ամենաանվտանգ եւ ստուգված եղանակը դա կոմպլեքս մեթոդն է, որի մեջ մտնում են ֆիզիկական ակտիվության բարձրացումը, ճիշտ սնունդը եւ լիարժեք քունը: Նիհարել՝ նշանակում է պահպանել ստացված արդյունքը երկու տարվա ընթացքում:

Ու՞մ է հակացուցված դիետան:

Բոլորին, ովքեր խնդիր չունեն ավելորդ քաշի հետ, նիհարել պետք չէ, ուղղակի անհրաժեշտ է պահպանել այդ ճիշտ քաշը: Մենք հրաժարվում ենք օգնել կերակրող մայրերին: Նրանց դեպքում ավելորդ քաշը չի խանգարում, իսկ քաշի կորուստը կարող է բացասական ազդեցություն ունենալ եւ մոր, եւ երեխայի առողջության վրա: Նույնը վերաբերվում է նաեւ հղի կանանց: Նիհարել պետք է դանդաղ՝ ամսական 3-5կգ, իսկ եթե կան լուրջ խնդիրներ առողջության հետ, ապա կարելի է ձերբազատվել մարմնի հիմնական զանգվածի միայն 10%-ից:

Պատմեք մի փոքր դիետոթերապիայի մասին: Ի՞նչ է դա:

Դիետոթերապիան՝ բուժումն է սննդով: Ժամանակին Հիպպոկրատն ասել է. «Ձեր սնունդը պետք է դեղ լինի, իսկ դեղը՝ սնունդ», այսինքն, եթե մարդ հիվանդացել է, նրան ապաքինվել կօգնի ճիշտ սնունդը:

Կան մի շարք հիվանդություններ, որոնք անմիջականորեն կախված են սննդից՝ ալերգիան, դիաբետը, սրտանոթային հիվանդությունները, ճարպակալումը, որոշ ուռուցքներ, մարսողության հետ կապված խնդիրներ եւ այլն: Ճիշտ սնունդը կարեւոր դեր է խաղում նաեւ միզաքարային հիվանդության ժամանակ: Եթե մարդը դեղորայք է ընդունում եւ միաժամանակ սխալ է սնվում, ապա ավտոմատ կերպով նվազում է դեղորայքի ազդեցությունը հիվանդ օրգանի վրա: Սա վերաբերվում է ոչ միայն նիհարող մարդկանց: Տարբեր տարիքի, սեռի մարդիկ ունեն տարբեր սննդային պահանջներ, օրինակ փոքրերին, ի տարբերություն մեծերի, պետք է բացարձակապես այլ սնունդ:

Վնասակար է արդյո՞ք քաղցը, ավելորդ քաշի դեմ պայքարի ժամանակ:

Բուժման այս եղանակը պետք է իրագործվի միայն բժշկի հսկողությամբ, ես կասեի նույնիսկ շուրջօրյա հսկողությամբ: Դա շրջան է, երբ մարդու օրգանիզմը ձերբազատվում է մի շարք հիվանդություններից, օրգանիզմից դուրս են բերվում արգասիքներ: Սա շատ ծանր շրջան է հիվանդի համար:

Քաղցը, որպես նիհարելու եղանակ՝ անհեթեթություն է, ինքնակեղեքում եւ անիմաստ, քանի որ նմանատիպ քաղցից հետո, մարդը սկսում է ուտել եւ կորցրած ավելորդ կիլոգրամները արագ վերականգվում են:

Մարդու օրգանիզմի վրա դրական թե բացասական է ազդում 15կգ-ի կորուստը, օրինակ, մեկ տարվա ընթացքում: Վտանգավոր չէ դա արդյո՞ք առողջության համար:

Տարվա ընթացքում կարելի է նիհարել 30կգ, ամսական պետք է նիհարել 3-5 կգ: ժամանակակից մոդայիկ եղանակները թույլ են տալիս արագ ազատվել ավելորդ քաշից, ընդ որում մարդը նիհարում է միայն առաջին երկու ամիսների ընթացքում, ոչ ավել:

Ինչպե՞ս է մարդը պայքարում, որպեզի չուտի ավելի շատ, քան իրեն պետք է: Պատմեք մի փոքր մարդու հոգեբանական վիճակի մասին, եւ թե ինչպե՞ս նա պետք է իրեն զսպի:

Հայաստանում մարդկանց 4%-ը տառապում է ավելորդ քաշից հորմոնալ խանգարումների պատճառով: Հաճախ դա ոչ ճիշտ սնունդի պատճառով է, այսինքն ուտում են այն, ինչ վնասակար է, չնայած երբեմն մարդիկ ուղղակի չափից ավել են ուտում:

Ճիշտ դիետան դեռ չի նշանակում սննդի քիչ քանակություն, հյուծված օրգանիզմ եւ նյարդային վիճակ: Որպեսզի դիետան ճիշտ ազդեցություն ունենա, պետք է կուշտ լինել, ստացվում է, որ նիհարում են ուտելով՝ ճիշտ ուտելով: Հիվանդին «Մ՛ի կեր այս, մ՛ի կեր այն» նախադասությունով սահմանափակելու փոխարեն նրան պետք է ասել. «Կե՛ր այս սննդամթերքները», որպեսզի մարդը կարողանա ընտրություն անել:Միչդեռ սահմանափակումների դեպքում նրա մոտ առաջանում է ներքին առարկություն, ինչի հետեւանքով նա չի կատարում բժշկի պահանջները:

Նիհարելու համար պետք է համալիր եղանակ՝ ֆիզկուլտուրայի մարզիչ, դիետոլոգ, էնդոկրինոլոգ, հոգեբան, սրտաբան (անհրաժեշտության դեպքում), ովքեր օգնում են մարդուն հասկանալ, թե ինչու՞ է նա ավելորդ կիլոգրամներ հավաքում. քիչ շարժուն կենսակերպի, չափից շատ ուտելու, վնասակար եւ սխալ սննդի պատճառով: Կարեւոր է պարզել նաեւ չափից շատ ուտելու պատճառները: Սրանք բոլորը գործոններ են, որոնք ազդում են մարդու մարմնի զանգվածի վրա: Բոլոր խորհուրդները պետք է հիվանդի համար լինեն պարզ եւ հասանելի, հակառակ դեպքում նա դժվար թե կատարի, այն ինչ խնդրել է բժիշկը, կամ կհրաժարվի նպատակին հասնելու ճանապարհի կեսից: Եթե դիետոլոգը ասում է. «Ձեզ վիճակված չէ նիհարել»,- դա նշանակում է, որ դա սխալ դիետոլոգ է: Յուրաքանչյուր մարդ ունի իր կենսական ռիթմն ու պահանջները, եւ որակավորված մասնագետը պետք է լինի այնքան պրոֆեսիանլ, որպեսզի կարողանա գտնել անհատական մոտեցում յուրաքանչյուրի համար:

 Զրուցեց Անի Լիպարիտյանը