ԱՄՆ-ում Պերդյուի համալսարանի դիետոլոգները հայտնաբերել են, որ մեծ քանակությամբ սպիտակուցի օգտագործումը բարելավում է ճարպակալությամբ տառապող չափահասների մոտ քնի ցուցանիշները:
Գիտնականները որոշել են պարզել, թե սպիտակուցի բարձր պարունակությամբ եւ էներգետիկ ցածր արժեքով սննդի օգտագործումն ինչպես է ազդում ավելորդ քաշից տառապող մարդկանց վրա: Այդ նպատակով նրանք երկու հետազոտություն են կատարել:
Սկզբում մարմնի զանգվածի բարձր ինդեքսով 53-ից 59 տարեկան 14 մասնակից պիտի սննդակարգ պահպաներ, որը հիմնված էր երեք ամսվա ընթացքում տավարի, խոզի մսի, սոյայի եւ լոբազգիների օգտագործման վրա: Ամեն ամսվա վերջում մասնակիցները գնահատում էին իրենց քնի որակը: Արդյունքում օրգանիզմում սպիտակուցի քանակի ավելացում է արձանագրվել, անկախ աղբյուրից, իսկ քնի որակի գնահատականը վերջին փուլում ավելի բարձր է եղել:
Երկրորդ հետազոտությանը 51-ից 53 տարեկան 44 մարդ է մասնակցել: Նրանց բաժանել են երկու խմբի. առաջինի սննդակարգը կազմված էր պրոտեինների նորմալ պարունակությամբ մթերքներից, իսկ երկրորդինը` սպիտակուցի բարձր պարունակությամբ սննդից: Այս փորձարկումը 16 շաբաթ է տեւել եւ արդյունքում պարզվել է, որ առաջին խմբի համար քնի ցուցանիշի որակը չի փոխվել, մինչդեռ երկրորդ խումբը սկսել է ավելի լավ քնել:
Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition պարբերականում:






