Օրվա ընթացքում համակարգչի առջեւ շատ ժամանակ անցկացնող գրասենյակային աշխատողները հազվադեպ են մտածում այն մասին, թե ինչպես կարող է սխալ կեցվածքն անդրադառնալ նրանց ինքնազգացողության վրա: Թե ինչպես ճիշտ նստել համակարգչի դիմաց, պատմում է կինեզոթերապեւտ, ռեաբիլիտոլոգ եւ անձնական մարզիչ Սպարտակ Դովլաթբեկյանը:
Ինչպե՞ս ճիշտ աթոռ ընտրել:
Կինեզոթերապեւտի խոսքով՝ առավել հարմար է
Նստել ամենասովորական փայտե աթոռի վրա՝ առանց ակերի: Աթոռի մեջքը պետք է լինի ուղիղ, հարթ:
Մյուս կողմից՝ քանի որ մենք չենք կարող կարգավորել սեղանի բարձրությունը, ցանկալի է, որ աթոռի բարձրությունը կարգավորվող լինի, որպեսզի ավելի հարմար լինի նստելու համար:

Ինչպե՞ս ճիշտ նստել:
Առաջին հերթին, Սպարտակ Դովլաթբեկյանի խոսքով, չի կարելի նստել աթոռի ծայրին. նստողի մեջքը պետք է հենվի աթոռի մեջքին: Համակարգչի դիմաց նստած մարդու ձեռքերն ու արմունկները պետք է սեղանի վրա լինեն, ուստի ցանկալի է աթոռը հնարավորինս մոտեցնել սեղանին: Եթե գրասենյակային աշխատողի արմունկները կախ են ընկնում, մկնիկով երկար աշխատելուց հետո կարող են նրա ձեռքերը կամ դաստակները ցավել, իսկ նյարդերը՝ բորբոքվել:

Մեջքը պետք է ուղիղ պահել: Անընդհատ կուչ եկած նստելու դեպքում մի քանի ամիս հետո կարող են ուժեղ ցավեր առաջանալ մեջքի վերեւի մասում եւ պարանոցի հատվածում: Այդ պատճառով չի կարելի գլուխն առաջ խոնարհած նստել:

Որտե՞ղ պետք է լինի մոնիտորը:
Հաճախ գրասենյակային աշխատողները նստում են ոչ թե սովորական մոնիտորով համակարգչի դիմաց, այլ՝ նոութբուքի: Սովորաբար նոութբուքի մոնիտորն ավելի ցածր է, քան «ստացիոնար» համակարգչի մոնիտորը, ինչն աշխատողին ստիպում է կռանալ: Դրանից խուսափելու համար ցանկալի է նոութբուքի մոնիտորը դնել ճիշտ անկյան տակ: Բայց իդեալական դեպքում, իհարկե, ցանկալի է աշխատել մեծ «ստացիոնար» մոնիտորով՝ ոչ այնքան բարձր եւ գրեթե մինչեւ աչքերի մակարդակը հասնող դիրքում:


Էլ ի՞նչ:
Կինեզոթերապեւտի խոսքով՝ 5-10 րոպեն մեկ ցանկալի է փոխել դիրքը՝ լավացնելու համար արյան շրջանառությունը: «Եթե անընդհատ նույն դիրքով նստել, ողնաշարը կհոգնի, ամբողջ ընթացքում ճնշման տակ կլինեն նույն ողերը»,- բացատրեց կինեզոթերապեւտը:
Բացի դրանից՝ ցանկալի է օրվա ընթացքում մարզել ոտնաթաթերը՝ արյան շրջանառությունը լավացնելու եւ ոտքերի անոթների հետ կապված խնդիրներից խուսափելու համար:





