Նոր տեսակի մանրադիտակը գիտնականներին հնարավորություն է տվել առաջին անգամ հետեւել, թե ինչպես է զարգանում կաթնասունի երեխան իր կյանքի առաջին օրերին. սկսած ձվաբջջի բեղմնավորումից, վերջացրած բլաստոցիստայի ձեւավորմամբ, որը կպչում է արգանդի պատին: 

Կաթնասունների սաղմերը ծայրաստիճան զգայուն են վառ լույսի նկատմամբ, որը կիրառվում է բարձր լուծողականությամբ ստանդարտ մանրադիտակներում:  Մեկ այլ տեխնիկա    (մակերեսային լուսավորման մանրադիտարկումը) հնարավորություն է տալիս լուսավորել սաղմի սոսկ մի բարակ կտրվածքը` նվազագույնի հասցնելով կենդանի օրգանիզմի ճառագայթումը:  

Գերմանացի գիտնականները մակերեսային լուսավորման փոխատեղվող մանրադիտակ են կառուցել, որի օգնությամբ կարողացել են նկարահանել մկան սաղմի զարգացումը զիգոտի փուլից  (բեղմնավորված ձվաբջջի) մինչեւ բլաստոցիստայի փուլ: 

Բացի այդ, նրանք պարզել են, որ բջիջների տարբերակում առաջին անգամ տեղի է ունենում, երբ սաղմը ութ բջջից  16-ի է հասնում: Կիսվելու ընթացքում այն բջիջները, որոնք մնում են սաղմի ներսում   (ութ հատ), կվերածվեն կենդանու օրգանիզմի, իսկ արտաքին մասի բջիջները  (կապույտ գույնով նշված) կդառնան ընկերք: Այդ մասին տեղեկացնում է Nature Methods ամսագիրը: