• Latest news

Ինչի մասին են լռում բոլորը. ինչպես են կենդանիների հիվանդությունները ներգործում մեր կյանքի եւ երկրի տնտեսության վրա

24 սեպտեմբերի, 2016  22:18

Ոմանց թվում է, թե կենդանիների հիվանդությունը հենց միայն կենդանիներին էլ վերաբերում է եւ գուցե, մեծ հաշվով, նրանց տերերին: Մինչդեռ ամեն ինչ այդքան էլ պարզունակ չէ, որքան թվում է. ինֆեկցիոն հիվանդությունները, որոնցով վարակվում են ընտանի անասունները, անչափ վտանգավոր են, եւ ոչ միայն այն պատճառով, որ դրանցից որոշները մարդուն են փոխանցվում, այլ նաեւ այն պատճառով, որ դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա: Պարզելու համար, թե այսօր Հայաստանում ինչ հիվանդություններ են տարածված անասունների շրջանում եւ դրանցից որոնք են խնդրահարույց՝ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է անասնաբուժական-սանիտարական առողջության հարցերով միջազգային խորհրդատու, Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպության անասնաբուժական ծառայությունների գործունեության եւ  Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի զոոանտրոպոնոզային հիվանդությունների դեմ պայքարի հարցերով փորձագետ Գրիգոր Գրիգորյանի հետ:

Կենդանիների վարակիչ հիվանդությունները կարելի է պայմանականորեն 2 հիմնական խմբի բաժանել՝ հիվանդություններ, որոնցով ախտահարվում են կենդանիները, եւ հիվանդություններ, որոնցով կարող են ախտահարվել կենդանիները եւ մարդիկ (մեր մասնագետները դրանք անվանում են զոոանտրոպոնոզային, իսկ արեւմտյան մասնագետները՝ զոոնոզային): Երկու խմբերում կան հիվանդություններ, որոնք սպառնում են ոչ միայն կենդանիների կամ մարդկանց առողջությանը, այլեւ պարենային անվտանգությանը եւ ընդհանրապես՝ երկրի տնտեսությանը: Անասնաբուժության մասնագետները այդպիսի հիվանդությունները որակում են որպես կենդանիների առանձնապես վտանգավոր հիվանդություններ (ԱՎՀ), քանի որ դրանց բռնկումները սահմանափակում են (երբեմն նաեւ դադարեցնում են) կենդանիների, անասնապահական արտադրանքի եւ կենդանական ծագման սննդամթերքի արտահանումը, որը գյուղացիների եւ արտադրողների համար ցավագին հարված է։ Նրանք ոչ միայն զրկվում են իրենց արտադրանքն արտահանելու եւ իրացնելու հնարավորությունից, այլեւ կարող են կենդանիների մեծ կորուստ ունենալ, եւ նման վնասը միշտ չէ, որ հաջողվում է փոխհատուցել այդ նպատակով պետության տրամադրած միջոցներով:

Հայաստանում ներկայումս ինչպիսի՞ն է կենդանիների առանձնապես վտանգավոր հիվանդությունների վիճակը

Ինչպես նշեց փորձագետը, Հայաստանը կայուն անբարենպաստ երկիր է կենդանիների առանձնապես վտանգավոր մի շարք հիվանդությունների տեսակետից, այդ թվում՝ դաբաղի, խոզերի աֆրիկական ժանտախտի, խոզերի դասական ժանտախտի եւ թռչունների Նյուքասլյան հիվանդության: Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում այդ հիվանդությունների բռնկումներ են գրանցվել ամեն տարի, իսկ այս տարի դրանց հավելվեց նաեւ նոդուլյարային մաշկաբորբը: 2016 թվականին այդ հիվանդությամբ ախտահարվել են նվազագույնը երեք, իսկ դաբաղով՝ նվազագույնը երկու մարզում: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ այդ հիվանդությունների բռնկումները շարունակում են գրանցվել մի քանի մարզերում:

Թվարկված ԱՎՀ-ները մարդու համար վտանգավոր չեն, սակայն դառնում են անասունների գլխաքանակի անկման պատճառ եւ լուրջ խնդիրներ առաջացնում առեւտրի ու արտահանման համար։ Հայաստանի կենդանական ծագման մթերքի մեծ մասն արտահանվում է Եվրասիական տնտեսական միության երկրներ, սակայն եթե այդ վարակների պատճառով արտահանման արգելք է սահմանվում, ապա հայ գյուղացիները եւ արտադրողները զրկվում են մեծ թվով առավելություններից օգտվելու հնարավորությունից, որը տրամադրում է Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում կենդանիների ԱՎՀ իրավիճակը եղել եւ մնում է լարված, սակայն պատասխանատու կառույցների կողմից պատշաճ արձագանք չկա: Ավելին՝ երկրում ԱՎՀ իրավիճակի վերաբերյալ բաց եւ հավաստի տեղեկատվություն նույնպես չկա. շատ դեպքերում նույնիսկ գյուղացիները այս կամ այն ԱՎՀ իրավիճակի վատացման մասին տեղեկանում են միայն այն բանից հետո, երբ այն ախտահարում է իրենց անասուններին կամ թռչուններին:

Օրինակ՝ 2010 թվականին մեկ միլիոնից ավելի գյուղատնտեսական թռչուններ (մեծ մասամբ գյուղացիական փոքր տնտեսություններին եւ անհատներին պատկանող) սատկեցին Նյուքասլյան հիվանդության պատճառով, սակայն տուժած գյուղացիների գերակշիռ մասն այդ մասին այդպես էլ չիմացավ: Նույն երեւույթն է նկատվում նաեւ խոզերի աֆրիկական ժանտախտի, դաբաղի եւ ԱՎՀ այլ տեսակների բռնկման դեպքում: ԱՎՀ իրավիճակի մասին տեղեկությունները թաքցնելը նպաստում է վարակված կենդանիների տեղափոխություններին եւ անասնապահական արտադրանքի շուկայում հայտնվելուն, իսկ անասունների կամ անասնապահական արտադրանքի ոչնչացման դիմաց փոխհատուցման բացակայությունը հանգեցնում է կենդանիների տերերի հակազդեցության եւ ապօրինի գործողությունների, որի հետեւանքով ԱՎՀ-ն ավելի շատ է տարածվում:

Հայաստանում ինչո՞ւ գոյություն չունի կենդանիների ԱՎՀ պատշաճ վերահսկողություն

Մասնագետը նշում է, որ Հայաստանում կա պետական հակաէպոզոոտային ծրագիր, որը ներառում է կենդանիների հիվանդությունների եւ անտրոպոզոոնոզների վերահսկողության մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ դրանց բացահայտման թեստավորում եւ կանխարգելման համար պատվաստում: Ամեն տարի պետությունը այդ ծրագրի իրականացման համար Հայաստանի չափանիշներով զգալի միջոցներ է տրամադրում, սակայն տարբեր պատճառներով այդ ծրագրի միջոցառումները ոչ միշտ են պատշաճ մակարդակով իրականացվում, որը հանգեցնում է կենդանիների ԱՎՀ-ի եւ զոոանտրոպոնոզային հիվանդությունների առաջացման եւ տարածման: Փորձագետի կարծիքով՝ մեծ թվով  դեպքերում անբավարար իրականացումը պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով եւ լիազորված մարմինների կողմից պատշաճ վերահսկողության բացակայությամբ:

Գրիգոր Գրիգորյանի կարծիքով՝ մյուս լուրջ թերությունը կենդանիների նույնականացման եւ գրանցման գործուն համակարգի բացակայությունն է, որը անասնաբուժական ծառայություններին զրկում է երկրի տարածքում դրանց տեղաշարժին եւ անասնապահական արտադրանքի փոխադրմանը հետեւելու հնարավորությունից: Տվյալ իրավիճակը խորանում է էպիզոոտային իրավիճակի եւ հակաէպիզոոտային միջոցառումների պլանավորման եւ ծրագրավորման հանդեպ անասնաբուժական ծառայությունների մոտեցման հետեւանքով: Այդ միջոցառումների պլանավորումը եւ ծրագրավորումը այսօր կատարվում է առանց հաշվի առնելու էպիզոոտային իրավիճակի փոփոխությունները եւ առանց վտանգները պատշաճ գնահատելու, որոնք այն ներկայացնում է ինչպես կենդանիների եւ մարդու առողջությանը, այնպես էլ կենդանական ծագման սննդամթերքի անվտանգությանը:

Ի՞նչ է անհրաժեշտ կատարել իրավիճակի դրական փոփոխության համար

Գրիգոր Գրիգորյանի կարծիքով՝ պետական վերահսկողության համակարգում առանցքային փոփոխությունները կօգնեն բեկել էպիզոոտային իրավիճակը: Վերջին տարիներին կուտակված խնդիրների լուծման գրագետ մոտեցում ապահովելու համար անհրաժեշտ է սկսել կադրային քաղաքականությունից, որպեսզի վարչական բոլոր մակարդակներով լիազորված մարմինների բոլոր մասնագիտական բաժիններում պրոֆեսիոնալներ աշխատեն՝ ներառյալ ղեկավարությունը:

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակը ուղղելու առաջին քայլը պետք է լինի ունեցած բոլոր ռեսուրսների հավաքագրումը՝ վաղ հայտնաբերման ազգային համակարգերը կատարելագործելու համար: Ներկայումս Հայաստանում գործում է պետական կառույց, որը պատասխանատու է անտրոպոզոոնոզային հիվանդությունների սպառնալիքների վաղ հայտնաբերման, այդ սպառնալիքների մասին բնակչությանը տեղեկացնելու եւ դրանց արձագանքելու համար: 2015 թվականին ԱՎՀ-ի բռնկումները ցույց են տվել, որ այդ կառույցը կա՛մ չի կատարել ԱՎՀ վտանգների գնահատում, կա՛մ կատարել է, բայց չի կարողացել պատշաճ պատրաստվել դրանցից պաշտպանվելուն:

Օրինակ՝ երբ երկու տարի առաջ Թուրքիայում եւ Ադրբեջանում սկսեցին գրանցվել նոդուլյարային մաշկաբորբի բռնկումներ, Հայաստանում անհրաժեշտ էր արտահերթ կարգով կենդանիների պատվաստում կատարել, սակայն դա չարվեց, ինչը հանգեցրեց Հայաստանի տարածքում այդ ԱՎՀ-ի մուտքին եւ տարածմանը: Կամ՝ երբ Վրաստանում գրանցվեց մանր եղջերավոր անասունների ժանտախտը, որն աշխարհում ամենախնդրահարույց ԱՎՀ-ն է, Հայաստանում պետք է կրկին արտահերթ կարգով համապատասխան ապրանքների ներմուծման եւ տարանցման արգելք սահմանվեր, առնվազն այն տարածաշրջանի տարածքով, որտեղ հիվանդությունը գրանցվել էր, եւ երկրում իրականացվեր ամբողջ մանր եղջերավոր անասունների պատվաստում: Այդպիսի ոչ մի քայլ չիրականացվեց, եւ այն, որ մեզ մոտ մանր եղջերավոր անասունների ժանտախտի բռնկում կամ էպիզոոտիա առայժմ չկա, դա ընդամենը հաջողություն է:

Վաղ հայտնաբերման ազգային համակարգի կատարելագործումը Հայաստանի անասնապահական ծառայություններից պահանջում է առավել սերտ համագործակցություն տարածաշրջանային անասնապահական ծառայությունների հետ՝ կենդանիների ԱՎՀ-ին հետեւելու, դրանց ախտորոշման ուղղությամբ ակտիվ աշխատանք կատարելու եւ ԵՏՄ երկրների անասնապահական ծառայությունների հետ դրանց հատուկ կանխարգելման համար: Փորձագետի կարծիքով՝ կարեւոր է նաեւ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի ակտիվացումը եւ Հայաստանի մասնակցությունը ԱՎՀ վերահսկողության միջազգային ծրագրերին, որոնք իրականացվում են Անդրկովկասի տարածաշրջանում եւ ԵՏՄ երկրներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է