• Latest news

Բժիշկները «չարորակ ուռուցք դարձած կիստայով» հիվանդի առողջանալու հավանականությունը 50-50 են գնահատել

16 ապրիլի, 2014  15:47

44-ամյա տղամարդը, ում դեմքի կիստան իրականում չարորակ ուռուցք էր, բուժվելու է Հայաստանում եւ քիմիաթերապիա է ստանալու։ Այս մասին NEWS.am Medicine-ին պատմել է ինքը հիվանդը՝ Գեղամ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ զինվորական կլինիկական հոսպիտալում բժշկուհի Մարգարիտա Հովհաննիսյանը հեռացրել էր Գեղամ Խաչատրյանի դեմքի կիստան, սակայն վիրահատությունից հետո պարզվել էր, որ դա ոչ թե կիստա էր, այլ չարորակ ուռուցք, որը միջամտությունից հետո սկսել էր տարածվել նրա դեմքին։

Այժմ մի քանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Գեղամ Խաչատրյանի մոտ իրոք չարորակ ուռուցք է՝ թգագեղձի հարականջային ուռուցք։ Հիվանդի խոսքով՝ այն օրեցօր մեծանում է եւ, ինչպես նրան ասել են բժիշկները, 85 տոկոս աճ ունի։

«Այն ամեն օր աճում է ու արդեն 85 տոկոս աճ ունի...» - ասել է նա։ Ցավերը թեթեւացնելու եւ գիշերը քնելու համար նա ստիպված է թմրանյութ պարունակող ցավազրկողներ ընդունել։

Բուժման համար նա դիմել է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ նրան ընդունել է «Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի» նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը։

NEWS.am Medicine-ի այն հարցին, թե ինչից է իրականում առաջացել Գեղամի ուռուցքը եւ ինչ դեր է դրանում խաղացել զինվորական հոսպիտալում կատարված վիրահատությունը, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը պատասխանել է, որ այս պահին կարեւոր է միայն հիվանդի ներկայիս վիճակը։ «Պետք է դեղորայքով փորձենք փոքրացնել ուռուցքը», - ասել է բժիշկը։ - «Մեծ աշխատանք ունենք անելու։ Մոտ 3 շաբաթից արդեն ավելի շատ ինֆորմացիա կունենանք բուժման հաջողության մասին»։

Ինչպես մեզ պատմել է Գեղամ Խաչատրյանը, հիմա նա պետք է քիմիաթերապիա ստանա, որի միջոցով առողջանալու հավանականությունը նրա դեպքում, ըստ բժիշկների, 50-50 է։

«Այսօրվա դրությամբ ինձ տալիս են 50-50, որովհետեւ շատ բարդ է վիճակը, քանի որ այս ուռուցքը գրկել է նաեւ գլխավոր աորտան», - պատմել է մեզ Գեղամը, ավելացնելով, որ բժիշկները բացատրել են նրան, որ ճառագայթային բուժումը կարող է վտանգավոր լինել նրա համար եւ ծակել աորտան, իսկ այլ վիրահատության մասին խոսք էլ գնալ չի կարող, այդ պատճառով քիմիաթերապիան այս պահին միակ տարբերակն է։

Գեղամի կինը, Գայանեն, պատմել է NEWS.am Medicine-ին, որ քիմիաթերապիան էլ իր վտանգներն ունի, քանի որ դրա արդյունքում կարող է արյունահոսություն սկսել։ «Մենք հիմա աղոթում ենք, որ գոնե արյունահոսություն չլինի», - ասել է Գայանեն։

Գեղամի կինը նաեւ նշել է, որ սկզբում նրանք ուզում էին Գեղամին Գերմանիա տեղափոխել եւ այնտեղ բուժել նրան, բայց քանի որ դա շատ ժամանակ կխլեր, իսկ Գեղամի համար ամեն օրը շատ կարեւոր է, նրանք որոշել են մնալ եւ բուժվել Հայաստանում։

«Օրեցօր մեծանում է ուռուցքը... չգիտեմ, վերջը ինչ է լինելու։ Ես ամեն ինչ տվել եմ Աստծո ձեռքը՝ ոնց կկամենա, տենց էլ կլինի», - ասել է Գեղամ Խաչատրյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել