• Latest news

Ինչպե՞ս է ՄԻԱՎ-ը փոխանցվում. ճշմարիտ տեղեկություններ եւ առասպելներ

10 հուլիսի, 2014  20:35

ՄԻԱՎ-ը մարդու իմունային անբավարարության վարակ առաջացնող վիրուս է: ՄԻԱՎ-վարակի վերջին փուլը ՁԻԱՀ-ն է, որի դեպքում մարդու օրգանիզմն այլեւս կորցնում է բոլոր վարակների եւ մանրէների դեմ պայքարելու կարողությունը, եւ ցանկացած բորբոքում կարող է մահացու դառնալ:

Շատերը գիտեն, որ ՄԻԱՎ-ը մարդուց մարդ է փոխանցվում: Սակայն բազմաթիվ առասպելներ են շրջանառվում այն մասին, թե հատկապես ինչ եղանակով է դա տեղի ունենում: «ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց արեւելաեվրոպական եւ միջինասիական միավորման» խորհրդատու եւ «Ուկրաինայի հիվանդներ» կազմակերպության փորձագետ Մարիա Գրիշինայի օգնությամբ փորձենք պարզել, թե որտեղ են ճշմարիտ տեղեկությունների եւ առասպելների սահմանները հատվում: 

ՄԻԱՎ-ը արյան միջոցով փոխանցվո՞մ է

Այո: ՄԻԱՎ-ի փոխանցման ամենահավանական միջոցը հենց արյունն է: Վիրուսը կարող է ինչպես արյան փոխներարկման, այնպես էլ ներարկիչների եւ ներարկման նպատակով օգտագործվող այլ գործիքների համատեղ օգտագործման արդյունքում փոխանցվել: Դրանց մեջ վարակված մարդու արյան հետքեր են մնում, եւ նույն գործիքով ներարկում կատարող առողջ մարդը ՄԻԱՎ-ով վարակվելու մեծ վտանգի է ենթարկվում: 

Իսկ սեռական ճանապարհո՞վ

Այո: Առանց պաշտպանիչ միջոցների իրականացվող՝ ինչպես հետերոսեքսուալ, այնպես էլ հոմոսեքսուալ շփումները կարող են ՄԻԱՎ-ի փոխանցման միջոց դառնալ: Ավելին՝ ՄԻԱՎ-վարակ կրող հիվանդների մեծ մասը հենց այդ եղանակով էլ վարակվում են:

Համբույրն է՞լ վտանգավոր է

Ոչ. դա արդեն առասպել է՝ չնայած ճշմարտության հատիկ է կրում իր մեջ: ՄԻԱՎ-ը համբույրի միջոցով կարող է տարածվել միայն այն ժամանակ, երբ համբուրվող զույգի բերանի խոռոչներում բաց վերքեր կան: Վիրուսի՝ թքի մեջ առկա բաղադրությունը բավարար չէ վարակման համար: Իսկ խոցերի առկայության դեպքում որոշակի փոքր ռիսկ, այուամենայնիվ, կարող է ծագել:

Իսկ օդա-կաթիլայի՞ն ճանապարհով

Ոչ, չի փոխանցվում: Մարդու իմունային անբավարարության վիրուսները միայն արյան եւ սեռական արտադրությունների մեջ են առկա (սերմնահեղուկ, հեշտոցային արտադրություն), եւ օդա-կաթիլային ճանապարհով չեն փոխանցվում. նույնիսկ երբ ՄԻԱՎ-վարակ կրող հիվանդը փռշտա առողջ մարդու վրա՝ վտանգավոր չէ, քանի որ թքի եւ քթի արտադրության մեջ վարակի փոխանցման համար անհրաժեշտ քանակով վիրուսներ չեն պարունակվում: 

Միջատների միջոցո՞վ էլ է անցնում

Առասպել է: ՄԻԱՎ-ով վարակվելու համար որոշակի քանակով արյուն է հարկավոր, այնպես որ միջատնելի խայթոցն էլ բավարար չէ:

Իսկ արցունքնե՞րը

Դա էլ է առասպել: Արցունքի մեջ վիրուս կա, բայց աննշան քանակությամբ:

Ծննդաբերության ժամանակ մորից երեխային անցնո՞մ է

Այո: Եթե մայրը ՄԻԱՎ-ի վարակ է կրում, ծննդաբերության ժամանակ, ամենայն հավանականությամբ, հիվանդությունը երեխային կփոխանցի: Այս տեսանկյունից հղիության ընթացքում մի քանի անգամ ՄԻԱՎ-վարակի առկայության ստուգմանը եւ երեխային վարակից փրկելու ուղղությամբ միջոցառումների իրականացմանը մեծ կարեւորություն են տալիս. հիվանդությունը կրող մայրերին սովորաբար հատուկ թերապիա է նշանակվում, ծննդաբերությունն էլ՝ կեսարյան հատմամբ իրականացվում:

Կրծքի կաթով փոխանցվո՞ւմ է

Այո: ՄԻԱՎ-ով վարակված մայրը կարող է, երեխային կրծքով կերակրելու դեպքում, վարակի փոխանցման պատճառ դառնալ, քանի որ կրծքի կաթը բավարար քանակով վիրուս է պարունակում:

Բժշկական հաստատություններում ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգ գոյություն ունի՞

Այո: Բժշկական եւ ատամնաբուժական կենտրոններում միանգամայն հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակվել, եթե գործիքներն ինչպես հարկն է՝ չեն ախտահանվում: Իրականում քիչ չեն այն մարդիկ, որոնք պնդում են, թե հենց այդ եղանակով են վարակվել, սակայն հետագա ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ մեծ ի մասամբ չպաշտպանված սեռական շփումների արդյունքում են հիվանդությունը ձեռք բերել եւ պարզապես չեն ցանկանում խոստովանել դա:

Իսկ կոսմետոլոգիական կենտրոնները վտանգավո՞ր են

Այո: Մարդու բախտը չբերի՝ ՄԻԱՎ-ով կարող է նաեւ կոսմետոլոգիական կենտրոնում վարակվել, եթե, ինչպես որ կլինիկաների պարագայում, այստեղ եւս գործիքների ախտահարում չի իրականացվել: Մարդու իմունային անբավարարության վիրուսը կարող է ցանկացած՝ մաշկի ամբողջականությունը խախտող եւ ոչ միանգամյա օգտագործման, չախտահարված գործիքների կիրառմամբ գործընթացի արդյունքում փոխանցվել՝ լինի դա դաջվածք, պիրսինգ, եղունգների հարդարում, թե նույնիսկ՝ մեղրամոմով էպիլյացիա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել