• Latest news

Ուլտրամանուշակագույն ճառագայթներ. ինչու՞ են վտանգավոր եւ ինչպե՞ս պաշտպանվել

12 հուլիսի, 2014  14:57

Ուլտրամանուշակագույն ճառագայթումը փոքր չափաբաժիններով սովորաբար օգտակար է մարդու օրգանիզմի համար, սակայն դրա չարաշահումը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների դրական եւ բացասական կողմերի մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես է կարելի այդ ճառագայթներից պաշտպանվել, պատմել է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, իրավաբանական ապահովության բաժնի պետ Նունե Բակունցը։

Ե՞րբ են ուլտրամանուշակագույն ճառագայթները օգտակար

Ուլտրամանուշակագույն ճառագայթների շնորհիվ մարդու մաշկի տակ D վիտամին է սինթեզվում է, որն անհրաժեշտ է օրգանիզմի լիարժեք աճի եւ զարգացման համար։ Ցուրտ երկրներում, որտեղ արեւոտ օրեր գրեթե չեն լինում, մարդկանց մոտ D վիտամինի պակասի պատճառով կարող են մի շարք խնդիրներ առաջանալ: Այդպիսի երկրների բնակիչների համար արեւայրուք ընդունելը կամ նույնիսկ մի քանի րոպե սոլյարիում անցկացնելը ոչ միայն վնասակար չէ, այլեւ՝ օգտակար է։

Սակայն Հայաստանը այդպիսի երկրների թվին չի պատկանում. այստեղ ուլտրամանուշակագույն ճառագայթները նույնիսկ ձմռան ամիսներին բավականաչափ ուժ ունեն, իսկ ամռանը՝ առավելապես, այդ իսկ պատճառով, D վիտամինի պակասն այստեղ հազվադեպ է հանդիպում։ Ուստի մեր երկրում արեւայրուքը եւ մանավանդ՝ սոլյարին, ընդամենը լրացուցիչ ճառագայթներ են ապահովում, որոնց պատճառով մարդու մոտ կարող են մի շարք խնդիրներ ի հայտ գալ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթներն ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել

Ամռանը արեւայրուք ընդունելով կամ ուղղակի արեւի ուղիղ ճառագայթների տակ երկար ժամանակ անցկացնելով կարելի է լուրջ վնաս հասցնել առողջությանը, զգուշացնում է Նունե Բակունցը։

Առաջին հերթին, ամռանը ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ գտնվելիս հնարավոր է ջերմային հարված ստանալ, ինչը մեծ սթրես է օրգանիզմի համար։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են նաեւ աչքերի վրա բացասական ազդեցություն ունենալ, իսկ մաշկը... մաշկը մի առանձին պատմություն է։ Այստեղ ուժեղ արեւայրուքից առաջացած այրվածքները ամենամեծ խնդիրը չեն. ուլտրամանուշակագույն ճառագայթների չարաշահումը կարող է նաեւ մաշկի քաղցկեղի՝ մելանոմայի առաջացման վտանգ խթանել։

Հենց այդ պատճառով է, որ տաք երկրներում խորհուրդ է տրվում զգույշ լինել ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ եւ, առանց լուրջ անհրաժեշտության, սոլյարիի օգնությանը չդիմել։

Ինչպե՞ս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից

• Օրվա ամենաշոգ ժամերին՝ 12։00-18։00-ի սահմաններում, ցանկալի է խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ ստվերում գտնվել։

• Տնից դուրս գալիս ցանկալի է արեւային ակնոցներ կրել՝ աչքերը պաշտպանելու համար, եւ չմոռանալ գլխարկի մասին՝ գլուխը պաշտպանելու համար։

• Ամռանը ցանկալի է բաց գույնի, բնական կտորից պատրաստված հագուստ կրել։

• Մեծ քանակությամբ մաքուր ջուր խմել։ Առողջ մարդիկ ամռան ամիսներին օրական պետք է առնվազն 1.4 լիտր ջուր խմեն, իսկ սիրտ-անոթային, երիկամային կամ այլ խնդիրներ ունեցող հիվանդները ցանկալի է, որ բուժող բժշկի հետ խորհրդակցեն՝ պարզելու համար, թե ինչ քանակությամբ հեղուկ պետք է օգտագործեն։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել