• Latest news

Գիտնականներին հաջողվել է մարդու բջիջ ներթափանցած ՄԻԱՎ-ի ոչնչացման եղանակ գտնել

22 հուլիսի, 2014  17:56

ՄԻԱՎ-ը շուտով անցյալի հիվանդություն է դառնալու: Այսպիսի հուսադրող հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում գործող հանրահայտ լաբորատորիաներից մեկի աշխատակիցները: Նրանց հաջողվել է մարդու բջիջ ներթափանցած վիրուսի ոչնչացման եղանակ գտնել, հաղորդում է Medical Daily-ն:

«Դա հրաշալի բացահայտում է, ՁԻԱՀ-ի բուժմանն ընդառաջ ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը, սակայն դեռեւս կլինիկական փորձարկումների կարիք ունի: Կարեւորն այն է, որ արդեն գիտենք՝ որ ուղղությամբ շարժվել», - նշել է փորձագիտական խմբի անդամներից մեկը՝ պրոֆեսոր Քամել Խալինին:

Հիշեցնենք, որ ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ-ի զարգացման վերջին՝ մահվան ելք ենթադրող փուլն է համարվում, երբ մարդու իմունային համակարգն այլեւս ի վիճակի չէ որեւէ հիվանդության դեմ պայքարել: Գիտնականները համարում են, որ հիվանդության դեմ պայքարի լավագույն միջոցը ոչ թե իմունային համակարգի խթանումն է, այլ՝ վիրուսի հեռացումը օրգանիզմից: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, երկրագնդի շուրջ 35 մլն բնակիչներ ՄԻԱՎ-վարակակիր են համարվում: ՁԻԱՀ-ի առաջին դեպքը 1980-ական թվականների մեկնարկին՝ Միացյալ Նահանգներում է արձանագրվել: Կարճ ժամանակ անց՝ 1982թ.-ի հուլիս ամսվա դրությամբ, երկրի 23 նահանգներում հիվանդության 252 դեպք էր գրանցվել:

Ներկայումս, գրեթե 30 տարի անց, հիվանդության դեմ պայքարը վերջնական հաջողություն չի գրանցել: Մարմնից արտազատվող հեղուկների միջոցով փոխանցվող վիրուսը Միացյալ Նահանգներում տարեկան 50 հազար մարդու օրգանիզմ է ներթափանցում: Հիվանդության զոհերը, 60 տոկոսից ավել դեպքերում, նույնասեռական եւ երկսեռական տղամարդիկ են: Մեկ այլ վիճակագրական տվյալի համաձայն, ամերիկացի սեւամորթ բնակիչները, կովկասցիների հետ համեմատությամբ, 8 անգամ  առավել խոցելի են ՄԻԱՎ-ի նկատմամբ:

Լաբորատոր փորձարկումների ընթացքում գիտնականներին հաջողվել է երկքայլ համադրությամբ տեխնոլոգիա մշակել՝ մարդու բջիջներում առկա ՄԻԱՎ-ը ոչնչացնելու համար: Խոսքը, մասնավորապես, ԴՆԹ-ն կտրելու հատկություն ունեցող էնզիմների տեսքով միկրոսկոպիկ գործիքների կիրառման մասին է, որոնք HIV-1 հատվածը ոչնչացնելու ծրագրավորում ունեն: Հարձակման ենթարկված բջիջը, այնուհետ, գենոմի մասնատված հատվածները միացնելու եւ արդյունքում միանգամայն առողջ, վիրուսներից զերծ տեսք ստանալու հնարավորություն է ձեռք բերում:

Ներկայումս բարձր ակտիվության հակառետրովիրուսային թերապիան (HAART) ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է համարվում, քանի որ կարող է գենոմի HIV-1 հատվածը առնվազն 15 տարի վերահսկողության տակ պահել: Այդուհանդերձ, HAART-ն այն ոչնչացնելու ներուժ չունի, ինչը մարդու առողջության համար տարատեսակ բարդությունների զարգացում է ենթադրում: Նույնիսկ ցածր վերարտադրողականության պարագայում HIV-1-ը, դրա վերահսկմանը միտված դեղամիջոցների հետ միասին, տարիքի հետ տարատեսակ հիվանդությունների՝ կարդիոմիոպատիայի, ոսկրային եւ երիկամային հիվանդությունների, նյարդադեգեներատիվ խանգարումների առաջացման սպառնալիք է պարունակում:

Շատերի գնահատմամբ, վերը նկարագրված բացահայտումը հիվանդության դեմ պայքար մղող գիտական համայնքի շուրջ 100 ներկայացուցիչների՝ Ուկրաինայում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում մահվան կսկիծը սփոփելու է գալիս: Առաջնակարգ մասնագետների կորուստը կարող էր անդառնալի հետեւանք ունենալ ՄԻԱՎ-ով վարակված միլիոնավոր մարդկանց հետագա կյանքի վրա, սակայն փորձագիտական խմբերը շարունակում են աշխատանքը՝ հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոցների հայտնաբերման ուղղությամբ, որի վկայությունն այսօր արդեն առկա է:

«Մենք նպատակ ունենք մարդու օրգանիզմից HIV-1-ի վերջնական բնաջնջման միջոց գտնել: Հուսով եմ՝ այս տեխնոլոգիայի օգնությամբ այդ նպատակը հասանելի կդառնա», - հայտարարել է դոկտոր Խալիլին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել