• Latest news

Հնդկաստանին «աղջիկների դեֆիցիտ» է սպառնում

23 հուլիսի, 2014  15:19

Միլիոնավոր հղիությունների անօրինական դադարեցումը Հնդկաստանին «աղջիկների դեֆիցիտի» սպառնալիքի առաջ է կանգնեցրել, ինչը, մասնավորապես, տարատեսակ հանցագործությունների՝ իգական սեռի ներկայացուցիչների առեւանգումների եւ թրաֆիքինգի խթանմամբ է հղի:

Թեեւ երկրում պտղի սեռի որոշմանը միտված հետազոտությունների արգելք է գործում, հատկապես այն շրջաններում, որտեղ տղաների նկատմամբ նախապատվությունը զգալի նշանակություն ունի, հղիության ընտրովի դադարեցումը շարունակում է համատարած բնույթ կրել, հաղորդում է FoxNews-ը:

«Հեգնական է հնչում, որ կյանքի հնարավորությունից զրկում են այն սեռին, ով կյանք ստեղծելու առաքելություն ունի», - նկատել է ՄԱԿ-ի կանանց իրավիճակի հանձնաժողովի նախագահ Լաքշմի Պուրին:

Հնդկաստանը ավանդաբար դեպի տղամարդը կողմնորոշված մշակույթի երկիր է, որտեղ տղաները ընտանեկան ակտիվ են համարվում, քանի որ կարող են ոչ միայն եկամուտ ապահովել եւ նույն ազգանունը կրել, այլ նաեւ՝ ծնողների համար «վերջին ծեսն» իրականացնել, ինչը երկրում տարածված դավանանքի տեսանկյունից կարեւորագույն նշանակություն ունի:

Իսկ ահա իգական սեռն առավելապես որպես պարտավորություն է դիտարկվում, քանի որ ընտանիքը պետք է մեծածավալ օժիտ հավաքի՝ աղջկա համար ցանկալի զույգ ձեռք բերելու նպատակով: Բացի այդ, Հնդկաստանում նախամուսնական սեռական հարաբերությունները աղջկա ընտանիքի պատվին մեծ բիծ են թողնում, ինչը, բնականաբար, կարող է ծնողների համար անհանգստության հավելյալ գործոն դառնալ:

Թեեւ վերջին տասնամյակի ընթացքում ծնված տղաների եւ աղջիկների հարաբերակցությունը մի փոքր ուղղվել է, այդուհանդերձ, մինչեւ 6 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների դեֆիցիտը շարունակում է վերջին 5 տասնամյակների բնութագրիչը մնալ:

Լաքշմի Պուրին վստահ է, որ երեւույթն այլեւս ճգնաժամային մակարդակի է հասել եւ հրատապ միջոցառումներ են հարկավոր՝ իրավիճակն ուղղելու համար:

2011թ. բրիտանական բժշկական ամսագրերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վերջին երեսուն տարիների ընթացքում 12 մլն աղջիկներ լույս աշխարհ չեն եկել՝ ընդհատված հղիության պատճառով, ինչի արդյունքում, 2011թ.-ի տվյալներով, 1000 տղային այլեւս 918 աղջիկ էր բաժին հասնում: 1981թ.-ի ցուցանիշը 962 է եղել:

Տեղացի ակտիվիստները իրավիճակի համար շարունակում են ուլտրաձայնային հետազոտություն իրականացնողներին մեղադրել՝ պնդելով, թե հիշյալ տեխնոլոգիան միայն պտղի սեռը որոշելու նպատակով է կիրառվում:

Այդուհանդերձ, այդպիսի հանցագործությունները դժվար է բացահայտել: 2013թ.-ին իգական սեռ ունեցող պտղի հեռացման ընդամենը 221 դեպք է հայտնաբերվել, 2012թ.-ին՝ 210:

Մի խոսքով՝ պատահական չէ, որ բռնաբարության, առեւանգումների եւ թրաֆիքինգի հետ կապված լուրերն առավել հաճախակի Հնդկաստանից են ստացվում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել