• Latest news

4 անհավատալի բժշկական դեպք

27 հուլիսի, 2014  13:58

Երբեւէ լսե՞լ եք, որ գինեկոլոգի մոտ հերթական ստուգումների ներկայացած կնոջ մոտ երկար ամիսներ աննկատ անցած հղիություն հայտնաբերվի: Ժամանակակից առաջընթաց բժշկության պայմաններում նման դեպքեր խիստ հազվադեպ կարող են գրանցվել: Այնուամենայնիվ, երբեմն լինում են դեպքեր, երբ թերապեւտներն ու վիրաբույժները պատահաբար անհավատալի թվացող դեպքերի են առնչվում, հաղորդում է Medical Daily-ն: Օրինակ, երբ վիրաբույժը, կեսարյան հատում իրականացնելիս, կնոջ արգանդում ոչինչ չի կարողանում գտնել, կամ երբ ստամոքսի ցավից բողոքող տղարմարդը պարզում է, որ իրականում իգական սեռի ներկայացուցիչ է: Ստորեւ 4 անհավատալի բժշկական դեպքեր ենք ներկայացնում, որոնք երջանիկ պատահականությամբ են բացահայտվել:

1. Ձվարանների հեռացմանը միտված վիրահատության ընթացքում կնոջ արգանդում 3,8 կգ քաշ ունեցող երեխա է հայտնաբերվել.

Մի քանի ամիս տեւած ստամոքսի դաժան ցավերից հետո 25-ամյա Ռեբեկա Օլդհեմը որոշել էր բժիշկների օգնությանը դիմել: Արյան երկու, ուլտրաձայնային վեց եւ տոմոգրաֆիկ երեք հետազոտությունները բժիշկներին այն եզրահանգման էին բերել, որ կինը վիրաբուժական միջամտության՝ ձվարանների հեռացման կարիք ունի: Ցավերի իրական պատճառը միայն վիրահատության ընթացքում էր պարզվել. վիրաբույժները ապշել էին՝ նրա արգանդի մեջ 36 շաբաթական պտուղ հայտնաբերելով: Բժիշկների խոսքով, ուլտրաձայնային հետազոտությունների արդյունքում հղիության չհայտնաբերման պատճառը պտղի անհարմար դիրքն է եղել արգանդում: Այդուհանդերձ, երջանիկ պատահականությամբ բացահայտված իրողությունն անչափ դուր է եկել Ռեբեկային, քանի որ կարծում էր, թե այլեւս չի կարող հղիանալ: 

2. Ստամոքսի ցավերի համար բժիշկների օգնությանը դիմած տղամարդը պարզում է, որ իրականում այնքան էլ տղամարդ չէ

Չինաստանի բուժհաստատություններից մեկի անձնակազմի անդամներն ի սկզբանե որեւէ կասկած անգամ չունեին, որ իրենց առջեւ ստամոքսի պարբերական ցավերից եւ մեզի մեջ արյան առկայությունից բողոքող 44-ամյա տղամարդ է կանգնած: Ինչպես որ ինքը՝ հիվանդը չուներ, թեեւ չէր կարող չնկատել, որ մի փոքր դեֆորմացված առնանդամ ունի: Այդուհանդերձ, հետազոտություները ցույց տվեցին, որ հիվանդի մոտ ընդամենը… դաշտանային ցիկլ է սկսվել:

Ավելի ուշ տոմոգրաֆիկ հետազոտությունները նաեւ կանացի վերարտադրողական օրգանների, ներառյալ՝ արգանդի եւ ձվարանների առկայություն էին բացահայտել: Արյան հետազոտությամբ էլ պարզվել էր, որ տարօրինակ հիվանդը մեկ զույգ X  քրոմոսոմներ ունի, ինչն, ըստ էության, իգական սեռի բնորոշիչ է: Մի խոսքով՝ ապշահար չինացու մոտ վերերիկամային կեղեւի բնածին հիպերպլազիա էր ախտորոշվել, ինչը նշանակում է, որ սթրեսի հորմոնների ցածր մակարդակի արդյունքում վերերիկամային գեղձերի այտուցվածություն ունի, իսկ արական հորմոնների աճն էլ հիվանդի «տղամարդկային» տեսքն էր ապահովել:

3. 82-ամյա կնոջ որովայնում 40 տարեկան սաղմ է հայտնաբերվել

Պատկերացրեք կոլումբացի բժիշկների զարմանքը, որոնք 82-ամյա կնոջ որովայնում 40 տարեկան քարացած սաղմ են հայտնաբերել: Բժշկությանը լիթոպեդիոնի (հունարենից թարգմանաբար՝ «քարե երեխա») ընդամենը 300 դեպք է հայտնի: Այն էկտոպիկ հղիության արդյունք է, երբ սաղմը, արգանդի փոխարեն, կնոջ որովայնում է զարգանում: Այդուհանդերձ, էկտոպիկ հղիության դեպքերի մեծ մասի պարագայում սաղմը ֆալոպյան ուղիներում է հայտնաբերվում, եւ ոչ՝ որովայնում:

Ընդ որում, քարացման պատճառն այն է, որ օրգանիզմն այդ կերպ փորձում է մահացած սաղմի բացասական ազդեցություններից, մասնավորապես՝ ներքին արյունահոսության վտանգից պաշտպանվել:

4. Կեսարյան հատումն անարդյունք է անցել

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում գործող Քեյթ Ֆիը բժշկական կենտրոնի վիրաբույժները եւս անհավատալի բժշկական դեպքի ականատեսն են դարձել: Խոսքը ծննդաբերության պատրաստ կանանցից մեկի մասին է, ով երկու օր չէր կարողանում ծննդաբերել: Մանրամասն ուսումնասիրելով հղիության տվյալները, բժշկական կենտրոնի մասնագետները, տնօրենի ղեկավարությամբ, կեսարյան հատում իրականացնելու որոշում էին կայացրել: Բայց որքան էր նրանց զարմանքը, երբ վիրահատության մեկնարկից քիչ անց բոլորովին դատարկ արգանդ էին գտել: Որքան էլ որ զարմանալի թվա, կեղծ կամ հիստերիկ հղիություն անունը կրող երեւույթ գոյություն ունի: Այն առավելապես հղիանալու չափազանց մեծ ցանկություն ունեցող կանանց մոտ է հանդիպում եւ կարող է նորմալ հղիությանը հատուկ բոլոր նշաններն ունենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է