• Latest news

Հետաքրքիր դեպք. Կորոնավիրուսը 41-ամյա տղամարդու մոտ մոլագար վիճակ է առաջացրել

23 հուլիսի, 2020  18:23

Մեծ Բրիտանիայից 41-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուսով վարակվելը առաջացրել է մոլագար վիճակ եւ վարքագծի խանգարումներ: Այս հետաքրքիր դեպքը նկարագրվել է BMJ Case Reports բժշկական ամսագրում:

Նրա հետ աշխատած բժիշկների հաշվետվության համաձայն՝ պացիենտին հիվանդանոցի անհետաձգելի օգնության բաժանմունք են բերել վաղ առավոտյան: Նախօրեին գիշերը նա արթնացել է հուզված, կնոջն ասել է, թե իր ուղեղը, կարծես, «կոտրատվում» է, եւ նա զգում է, որ «շուտով կմահանա»: Նա նաեւ սկսել է նրան պատմել, թե իբր մեծ թվով սեռական ակտեր է ունեցել այլ տղամարդկանց հետ: Դրանից մեկ օր առաջ նրան անհանգստացրել են ուժգին գլխացավերը, իսկ վերջին 10 օրերին մոտը չոր հազ է եղել:

Բժիշկների տեղեկություններով՝ պացիենտը ալկոհոլ, ծխախոտ եւ թմրանյութեր չի գործածել: Նրա զննումը ցույց է տվել բոլոր ուղղություններով նիստագմ, բայց այլ նյարդաբանական խանգարումներ չեն հայտնաբերվել: Ընդ որում՝ նրա հոգեկան վիճակը մտահոգել է բժիշկներին. նա չափազանց բարձրաձայն է խոսել, վրոդովված է եղել, անչափ ազատ պատմել է իր սեռական կյանքի մասին, անպարկեշտ հարցեր է տվել բուժանձնակազմին եւ նրանց առանց թույլտվության հպվել է: Այնուհետեւ նրա մոտ առաջացել է կրոնական տարրերով մեծության ցնորք, եւ նա ցանկացել է ներկաներին ջրով մկրտել: Ընդ որում՝ նրա մոտ տեսողական կամ լսողական հալյուցինացիաներ չեն եղել:

Մինչ նա գտնվում էր անհետաձգելի օգնության բաժանմունքում, նրա հոգեկան վիճակը շարունակում էր վատթարանալ, եւ բժիշկները ստիպված էին նրան տեղափոխել ինտենսիվ թերապիայի բաժանմունք եւ անգամ միացնել ԹԱՕ սարքին, չնայած նրա համար շնչառական համակարգի առումով ցուցումներ չկային:

Հետազոտությունները նրա մոտ հաստատել են կորոնավիրուսի եւ թոքաբորբի առկայությունը: Այլ հետազոտություններ ոչ մի շեղում ցույց չեն տվել, որոնք կարող էին ազդել պացիենտի վարքագծի եւ հոգեկան վիճակի վրա: Ուղեղի ՀՏ-ն եւ ՄՌՏ-ն ոչ մի պաթոլոգիա կամ գանգուղեղի բորբոքում ցույց չեն տվել:

Հակամանրէային եւ հակավիրուսային 24-ժամյա բուժումից հետո պացիենտին անջատել են ԹԱՕ սարքից եւ տեղափոխել սովորական հիվանդասենյակ: Նրա մոտ շնչառական աշխտանիշներն անցել են 2 օրում, սակայն հոգեկան վիճակը շարունակում էր խնդրահարույց մնալ: Նրա վիճակը 8-րդ օրը այնքան է վատթարացել, որ իր, բուժաշխատողների եւ մյուս պացիենտների անվտանգության ապահովման համար ստիպված էին անվտանգության աշխատակիցների կանչել եւ շտապ նրան քնաբեր ներարկել: Դրանից հետո պացիենտին տեղափոխել են հոգեբուժական կլինիկա, որտեղ նա սկսել է ստանալ հոգեմետ դեղամիջոցներ եւ հանգստաբերներ:

12 օր բուժումից հետո պացիենտի հոգեկան վիճակը բարելավվել է, եւ նրան դուրս են գրել, սակայն նա պետք է տանը շարունակի դեղեր ընդունել: Հիվանդանոց առաջին անգամ ընդունվելուց հետո 23 օր անց պացիենտն արդեն տանն էր: Նրա կնոջ խոսքով՝ ամուսնու վարքագիծը նորմայի է վերադարձել:

Այս պացիենտին բուժած բժիշկների կարծիքով՝ մոլագար վիճակը կարող էր կապված լինել նրա կենտրոնական նյարդային համակարգի վրա COVID-19-ի ազդեցության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ