• Latest news

7 կարեւոր հարց, որոնք օնկոլոգի հետ պետք է քննարկել

27 հուլիսի, 2014  16:49

Շատերի համար դժվար է պատկերացնել, թե ինչ հարցեր կարելի է տալ, երբ բժիշկն ասում է, որ քաղցկեղ ունեք: Քանի որ օնկոլոգները սիրում են միան «մերկ» փաստերը ներկայացնել եւ հակված չեն հետագա քննարկումների, հիվանդներից նման դեպքերում ավելի պրոակտիվ մոտեցում է պահանջվում: 

Ստորեւ յոթ հարցեր ենք ներկայացնում, որոնք քաղցկեղի ախորոշման պարագայում բժշկի հետ քննարկման կարիք ունեն.

1. Որտե՞ղ կարող եմ այլընտրանքային կարծիք լսել

Հիվանդները հաճախ խուսափում են նմանատիպ հարցերից, քանի որ բժիշկը, նրանց պատկերացմամբ, կարող է վիրավորվել: Բայց հարցը մեծ կարեւորություն ունի՝ երկու իմասով: Նախ՝ այլընտրանքային կարծիքը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ՝ հիվանդության դեմ ձեռնարկվող պայքարի տեսանկյունից, մանավանդ երբ առաջնային ախտորոշման դեպքում խոսքը ոչ մեծ չափեր եւ հնարավորություններ ունեցող բուժհաստատության մասին է: Երկրորդ, բոլոր բժիշկները չէ, որ հիվանդության մասին կարող են ամեն ինչ իմանալ: Հատկապես երբ խոսքը ոլորտին առնչվող վերջին բացահայտումներին է վերաբերում:

2. Ի՞նչ կարող եմ անել՝ անպտղությունից խուսափելու համար

Հարցը հատկապես երիտասարդ եւ միջին տարիքի տղամարդկանց շրջանում մեծ կարեւորություն ունի եւ պետք է բուժման մեկնարկից առաջ քննության առնվի, այլապես հետո ուշ կարող է լինել:

3. Կարո՞ղ եմ կլինիկական փորձարկումների մասնակցել

Հիվանդներից շատերը խուսափում են թեմայի շուրջ քննարկումներից, քանի որ չեն ցանկանում «փորձարկման ենթակա մկների» կարգավիճակում հայտնվել: Կլինիկական փորձարկումների վերաբերյալ այնպիսի լեգենդներ են շրջանառվում, որ նման վերաբերմունքը միանգամայն հասկանալի է: Իրականում դրանք բոլորովին էլ հակամարդկային չեն եւ բազմաթիվ դեպքերում կարող են օգտակար գտնվել, քանի որ թերապիայի «վերջին խոսքն» են օգտագործում:

4. Ի՞նչ կարող եմ անել, եթե այլեւս ուժ չունենամ՝ հիվանդության դեմ պայքարը շարունակելու համար

Բուժհաստատության միջոցով կարող եք հիվանդությունը հաղթահարած մարդկանց հետ շարունակական կապ ապահովել: Աչքի առաջ արդյունավետ պայքարի օրինակ տեսնելով՝ հիվանդներից շատերն ազատվում են վախի զգացողությունից եւ պայքարը շարունակելու նոր ավյունով լցվում:

5. Ո՞րն է նշանակված բուժման նպատակը

Սա շատ կարեւոր հարց է, որ ի սկզբանե պետք է հստակեցվի: Տարբերակները մի քանիսն են՝ հիվանդության հաղթահարում, քաղցկեղի աճի դանդաղեցում եւ կյանքի տեւողության երկարաձգում, կամ էլ՝ կյանքի որակի բարձրացում այն ժամանակահատվածի համար, որքան կարող եք ապրել: Սովորաբար որքան պայծառ է հեռանկարը, այնքան հիվանդներն ավելի բարդ կողմնակի ազդեցությունների են պատրաստ:

6. Բուժումը որքա՞ն կարժենա

Հարկավոր է անկեղծ զրույց սկսել բժշկի հետ՝ բուժման հետ կապված բոլոր՝ ուղղակի եւ անուղղակի ծախսերի ողջ ծավալը պատկերացնելու համար: Եթե հարցը պատասխանը հիվանդանոցում չեք գտնում՝ փորձեք այլ աղբյուրներից տեղեկանալ: Հարկ է նշել, որ հարցի նշանակությունը եւս 5-րդ հարցի պատասխանից է կախված: Եթե բուժման նպատակը միայն կյանքի որակի բարձրացումն է, այսինքն՝ քաղցկեղը որեւէ կերպ հնարավոր չէ բուժել, թերապիայի համար պահանջվող գումարներն առավել ծանր են թվում՝ հիվանդների գրպանին:

7. Վերջը ո՞րն է

Եթե բուժման նպատակը առողջացումը չէ, կամ այն սպասված արդյունքը չի տվել, լավագույն լուծումը օնկոլոգի հետ անկեղծ խոսակցություն բացելն է՝ հետագա գործողությունների արդյունավետության վերաբերյալ: Այլապես բժիշկները սեփական նախաձեռնությամբ երբեք այդ քայլին չեն դիմի: Շատերը թերապիայի մի եղանակից մյուսին անցնելով եւ որեւէ արդյունքի չհասնելով՝ ի վերջո չափազանց ուշ են հոսպիսում հայտնվում: Պարզապես ոչ ոք չի սիրում մահվան մասին խոսել: Թեւ քաղցկեղի պարագայում այդ հեռանկարն էլ պետք է քննության առնվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել