• Latest news

Բիոնիկ էկզոկմախք, որը կաթվածահար հիվանդներին քայլելու հնարավորություն է տալիս

20 օգոստոսի, 2014  11:54

Ճապոնացի գիտնականները ֆուտուրիստական տեսք ունեցող ռոբոտ են ստեղծել, որն իր մեխանիկական վերջույթների օգնությամբ կաթվածահար հիվանդներին քայլելու հնարավորություն կարող է տալ: 

Hybrid Assistive Limb (HAL) անունը ստացած էկզոկմախքը Գերմանիայի Բոխում քաղաքում գործող՝ նեյրոռոբոտիկ շարժումներին վարժեցմամբ զբաղվող բժշկական կենտրոնի հիվանդների շրջանում է փորձարկվել, հաղորդում է FoxNews-ը:

Երբ առողջ մարդը ցանկանում է որեւէ վերջույթ շարժել, ուղեղը ողնուղեղի եւ շրջակա նյարդերի միջոցով համապատասխան ազդակներ է ուղարկում մարմնի տվյալ մասի մկաններին: Կաթվածահար մարդկանց պարագայում ողնուղեղի նյարդային վնասվածք է նկատվում, ինչի արդյունքում ազդակներն այնքան թույլ են, որ չեն կարող հասցեատեր մկաններին հասնել:

Մինչդեռ HAL-ը կարող է, հիվանդի մաշկին ամրացված սենսորների օգնությամբ, «որսալ» այդ ազդակները եւ, կոնքային ու ծնկային հատվածներում տեղակայված շարժիչները գործի դնելով, համապատասխան շարժման վերածել: 

«HAL-ը շահեկանորեն տարբերվում է մյուս բոլոր էկզոկխամքներից՝ հիվանդի կողմից ինքնատիպ եւ արդյունավետ նյարդային վերահսկողության շնորհիվ: Ռոբոտն այս պարագայում առավել պասիվ դիրքերում է եւ միայն հիվանդի հրահանգներն է կատարում», - նշել է Բոխումում գործող Bergmannsheil հիվանդանոցի բժշկական տնօրեն դոկտոր Թոմաս Շիլդհաուերը:

HAL-ը նաեւ վերոհիշյալ բժշկական հաստատության խնամքին հանձնված՝ ինսուլտի, մկանային դիստրոֆիայի եւ այլ հիվանդությունների արդյունքում վերին եւ ստորին վերջույթների նկատմամբ վերահսկողությունից զուրկ մարդկանց նկատմամբ է փորձարկման փուլ անցնում: 

«Ողնաշարի վնասվածք ունեցող հիվանդների շրջանում փորձարկումները, մեծ ի մասամբ, հաջող են անցել, թեեւ կան այնպիսինները, որոնց պարագայում դեռեւս չի հաջողվում նորույթի արդյունավետ կիրառությունը գտնել, եւ ներկայումս հետազոտություններ են իրականացվում՝ անհաջողության պատճառը բացահայտելու համար», - նշել է դոկտոր Շիլդհաուերը՝ նշելով, ոչ փորձարկումները հաջողությամբ անցած հիվանդներն այնպիսի գործառնական օգուտ են ստացել, որ միայն զարմանալ կարելի է: Օրինակ՝ հաշմանդամության սայլակին գամված մի տղամարդու հաջողվել է երեք ամիս, շաբաթական 5 անգամ մարզվելուց հետո էկզոկմախքի միջոցով, առանց կողմնակի օգնության, կարճ տարածություններ հատել:

Այդուհանդերձ, նախքան Գերմանիա հասնելը, բիոնիկ էկզոկմախքը Ճապոնիայի շուրջ 200 գերիատրիկ վերակենդանացման կենտրոններում է փորձարկվել:

HAL-ի նախագիծը Ցուկուբայի համալսարանին կից գործող համակարգային եւ տեղեկատվական ինժեներիայի դպրոցի պրոֆեսոր դոկտոր Յոշիյուկի Սանքայն է մշակել: Ներկայումս բիոնիկ էկզոկմախքը նրա ղեկավարությամբ գործող Cyberdyne Inc. ընկերությունն է թողարկում: Սանքայի խոսքով, HAL-ը բժկության, խնամքի, բարեկեցության նկատառումներով մարդկությանը օգուտ տալու նպատակով է նախագծվել: Նա դեռ վաղուց էր նշել, թե ցանկանում է այնպիսի նոր տեխնոլոգիաներ մշակել, որոնք միայն օգուտ կարող են տալ մարդուն եւ ոչ մի պարագայում՝ ոչնչացման միջոց ծառայել: Այդ իսկ պատճառով էլ գիտնականը հրաժարվել է ռազմական նպատակներով կիրառման ենթակա ռոբոտներ մշակել՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության եւ Ճապոնիայի կառավարության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել