• Latest news

«Սառցե դույլ» ակցիան տեւական արժե՞ք է ենթադրում

27 օգոստոսի, 2014  13:17

«Սառցե դույլ» ակցիան հաջողության մի քանի տարրեր է արձանագրել, որոնք խիստ հազվադեպ են զուգակցվում: Այն վարակիչ բնույթ ունի, ինչպես հռչակավոր մարդկանց, այնպես էլ շարքային քաղաքացիների ներգրավվածությամբ է իրականացվում, մինչ այժմ քչերին հայտնի, բայց եւ անբուժելի ու աղետալի հետեւանքներով աչքի ընկնող հիվանդությունների մեկի մասին տեղեկացվածության մակարդակի աճ է արձանագրել եւ բարեգործական ընկերություններին փոխանցվող աննախադեպ չափերով նվիրատվությունների հանգեցրել:

Այդուհանդերձ, դժվար է, առանց ենթատեքստը հասկանալու, քարոզարշավի իրական արժեքը պատկերացնել: Ստորեւ մի քանի փաստեր ենք ներկայացնում, որոնք կարող են, հանրության տեղեկացվածության մակարդակի աճի եւ շուրջ 30 հազար ամերիկացիների մոտ ախտորոշված հիվանդության դեմ իրականացվող բժշկական հետազոտությունների խթանման տեսանկյունից, ֆլեշմոբի իրական արժեքը լուսաբանել:

Ինչո՞ւմն է հաջողությունը

Օգոստոսի 22-ի դրությամբ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի ամերիկյան ասոցիացիան 53,3 մլն ԱՄՆ դոլարի չափով նվիրատվություն է ստացել: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածի դրությամբ նվիրատվությունների չափն ընդամենը 2,2 մլն դոլար էր կազմում: Այնպես որ, հավաքված գումարների տեսանկյունից, քարոզարշավը բացարձակ հաջողություն է արձանագրել, վստահեցնում է FoxNews-ը:

Սակայն շարունակական օգնության կարիք ունեցող նմանատիպ կազմակերպությունների համար հասույթի կարճաժամկետ աճը բոլոր խնդիրների լուծում չի ենթադրում: «Հարկավոր է այն հանգամանքը հաշվի առնել, թե ֆլեշմոբի՝ հրապարայնորեն գլխին սառույցով լի դույլ շուռ տվող մասնակիցների որ մասն է միաժամանակ ցուցաբերված ֆինանսական օգնությանը շարունակական բնույթ հաղորդելու», - նշել է Վանկուվերում գործող բիզնես-դպրոցներից մեկի գիտահետազոտական խմբի անդամ Քըրթ Քրիսթոֆերսոնը, ով շուկայագիտական եւ սոցիալամետ վարքագծի ուսումնասիրությամբ է զբաղվում:

Եթե քարոզարշավի շրջանակում բարձր է այն մարդկանց բաժինը, որոնք, առանց նվիրատվություն իրականացնելու, ընդամենը իրենց աջակցությունն են հայտնում, ակցիան կարող է «սլակտիվիզմ» անունը ստացած խնդրի առաջացման պատճառ դառնալ, երբ որեւէ երեւույթի նկատմամբ ցուցաբերվող վիրտուալ աջակցություն, օրինակ՝ բարեգործական ընկերության Facebook-ի էջի իրական փոփոխություն չենթադրող «հավանումներ» են նախաձեռնվում:

«Սլակտիվիզմը լուրջ խնդիր է, քանի որ այդ պարագայում աջակցություն հայտնող մարդը սկսում է իր արածից բավականություն ու բավարարվածություն զգալ եւ այլեւս որեւէ շոշափելի աջակցություն ցուցաբերելու կարիք չի զգում», - մեկնաբանել է Քըրթ Քրիսթոֆերսոնը: 

Իսկ «սառցե դույլ» ակցիայի շրջանակում նման մասնակիցների բաժինը կարող է բավականաչափ բարձր լինել: Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում, New York Times-ի հաղորդմամբ, Facebook-ում վերբեռնված՝ ֆլեշմոբին մասնակցության մասին վկայող տեսանյութերի թիվը 1,2 միլիոնի է հասել, մինչդեռ նույն ժամանակահատվածին վերագրվող՝ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի ամերիկյան ասոցիացիային հասցեագրված նվիրատվությունների թիվն ընդամենը 107 հազար է կազմել: 

Այդուհանդերձ, փորձագետի գնահատմամբ, «սառցե դույլի» մարտահրավերի նկատմամբ հասարակական ընկալման փոփոխություն է նկատվում: Վերջերս օրերին մարդիկ առավել հաճախ են, մարտահրավերն ընդունելուց բացի, նաեւ նվիրատվություն կատարում: Այսինքն՝ ակցիան աստիճանաբար իր գլխավոր իմաստն է ձեռք բերում:

Իսկ նվիրատվությունները շարունակակա՞ն են լինելու

Երկու հիմնական տեսություն գոյություն ունի առ այն, թե ինչպես են մարդիկ վարվում՝ որեւէ անհաղթահարելի հիվանդությամբ տառապող մարդկանց օժանդակություն ենթադրող ակցիայի մասին տեղեկանալուց հետո:

Դրանցից առաջինը, ինչպես շուկայագետներն են նշում, «դռան տակ մնացած ոտքի» ֆենոմենի՝ վաճառքի դասական տակտիկական միջոցի վրա է հիմնվում: «Եթե փոքր հարցի շուրջ համաձայնություն է ստացվում, ապա բարձր է հավանականությունը, որ մեծ խնդրանքն էլ մերժման չի հանդիպի: Այնպես որ, եթե որեւէ մեկը համաձայնում է սառույցով լի դույլը գլխին շուռ տալ, ուրեմն՝ նվիրատվություն էլ կանի», - մեկնաբանել է փորձագետը:

Սակայն երկրորդ տեսությունը, որ «բարոյական արտոնավորման» ֆենոմենի վրա է հիմնված, ճիշտ հակառակ կանխատեսումն է անում, ըստ որի, տվյալ պարագայում սառույցով լի դույլը գլխին շուռ տվող մարդը հազիվ թե գումար նվիրաբերելու ցանկություն գտնի իր մեջ: Մարդիկ կարող են մտածել. «Ճիշտ է՝ որեւէ բարի գործ կատարելիս միշտ էլ լավ ես զգում քեզ, բայց այն՝ ինչ ինձնից էր հասնում, արդեն արեցի. բացի այդ էլ՝ մի փոքր եսասեր լինելու իրավունք ունեմ»:

Պարզելու համար, թե վերոհիշյալ տեսություններից ի վերջո որն է հաղթել, Քըրթ Քրիսթոֆերսոնն առաջարկում է մարդկանց գործողությունների դիտարկելիության մակարդակը հաշվի առնել: Այլ կերպ ասած, թե որքանով հրապարակային բարեգործություն է առաջարկվում: Ընթացիկ տարվա ապրիլ ամսին Consumer Research ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, մարդիկ առավել հակված են շարունակական բարեգործություն իրականացնել այն պարագայում, երբ այն հրապարակային բնույթ չի կրում:

Իսկ հավաքված գումարներն ի՞նչ օգուտ են տալու

Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի ամերիկյան ասոցիացիայի ներկայացուցիչների խոսքով, կազմակերպությունը երեք հիմնական առաքելություն է իրականացնում՝ գիտահետազոտական աշխատանքներ, հիվանդների խնամքի կազմակերպում եւ նրանց կարիքների բավարարմանը միտված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնում:

Միայն 2013թ.-ին ընկերության հասույթը 29 մլն ԱՄՆ դոլար է կազմել, որից 7 միլիոնը, համաձայն ֆինանսական հաշվետվությունների, 98 գիտահետազոտական նախագծերի են ուղղվել, որոնք հիվանդության բնույթը հասկանալու եւ համարժեք բուժամիջոցներ հայտնաբերելու նպատակ են հետապնդում:

«Այդուհանդերձ, հավաքագրված գումարը բավարար չէ՝ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի բուժումն ապահովելու համար, հատկապես եթե բոլորը, «սառցե դույլով լոգանքի» մասին վկայող տեսանկարահանումները վերբեռնելուց եւ, լավագույն դեպքում, մեկ անգամ նվիրատվություն անելուց հետո, իրենց պարտքն ավարտված համարեն: Մասնավորապես, եթե հաշվի առնենք, որ հավաքագրված գումարը ընդամենը մի փոքր մասն է այն բյուջետային կրճատումների, որ առողջապահության ազգային ինստիտուտն է վերջին տարիներին տեսել: Խոսքը, 2010թ.-ի հետ համեմատությամբ, ավելի քան մեկ մլրդ դոլարի մասին է գնում», - նշել է Փենսիլվանիայի համալսարանի բժշկական էթիկայի եւ առողջապահության քաղաքականության ամբիոնի վարիչ դոկտոր Եզեկիել Էմանուելը: 

Իսկ որքանո՞վ ենք տեղեկացվում

«Սառցե դույլ» ֆլեշմոբի քննադատներն առաջին հերթին նշում են, որ քարոզարշավը հիվանդության մասին ոչ մի տեղեկատվական եւ կրթական տարր չի պարունակում, եւ մարդիկ շարունակում են անտեղյակ մնալ հիվանդության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել