• Latest news

44–օրյա պատերազմի մասնակցի դեմքը վերականգնվել է 3D մոդելավորմամբ

18 մարտի, 2023  11:30

Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում փետրվարի 27-ին կատարված վիրահատության արդյունքում վերականգնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ բեկորային բազմաթիվ վնասվածքներ ստացած Հայկ Թադեւոսյանի դեմքի աջակողմյան հատվածը։ Վիրահատությունը տեւել է ավելի քան 9 ժամ, այն բարեհաջող է ընթացել նախօրոք կատարված 3D մոդելավորման արդյունքում ստեղծված 3 իմպլանտների տեղադրման շնորհիվ, որոնց միջոցով վերականգնվել է Հայկի վերին ծնոտային ծոցի առաջային պատի, ակնակապճի եւ այտոսկրի ամբողջականությունը։

«Մենք ստեղծել էինք Հայկի գանգը, պլանավորել 3D իմպլանտները, որպեսզի դրանք տեղադրենք գանգի վրա, եւ հասկանանք՝ ճիշտ ենք պլանավորել, թե՝ ոչ։ Տեղադրել ենք, հասկացել, որ մետաղական կառույցի հպման մակերեսներն իդեալական են, արդեն դրանից հետո ծրագրել ենք վիրահատությունը։ Հիմա ոսկորն իր ճիշտ դիրքում է, բերանի բացման սահմանափակություն չկա, ծնոտին ճնշող ոսկոր չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժնի վարիչ Նորայր Միքայելյանը։

Բժշկի խոսքով՝ վնասված ելուններն ամբողջությամբ վերականգնվել են, առաջնային պատը՝ եւս, աչքը բերվել է ճիշտ դիրքի։ Տեղադրված մետաղը բավականին բարձր որակի է, ցրտից չի տաքանում, սառը ժամանակ չի սառչում։ Օրգանիզմը հեշտությամբ է հարմարվել մետաղի առկայությանը։ Այժմ Հայկը դեմքի շրջանում վիրահատություն կատարելու անհրաժեշտություն այլեւս չունի։

Հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան հրթիռակոծությունից է վիրավորվել Հայկը։ Նա այժմ պաշտոնաթող ոստիկան է, նախկինում եղել է ենթասպա, պարեկապահակետային դասակի ջոկի հրամանատար։ Պատերազմ է մեկնել սեպտեմբերի 28-ին։ Հայկը նախկինում եւս ենթարկվել է վիրահատությունների, սակայն նրա խոսքով՝ տեղադրված իմպլանտը շոշափվում էր մաշկի տակ եւ կար մաշկը ծակելու հավանականություն։

«Վիրավորումս չհասկացա՝ ինչպես կատարվեց, շատ բան չեմ հիշում, գիտակցությունս կորցրի։ Այդ ժամանակ դեմքիս աջ հատվածն ամբողջությամբ վնասված էր, կախված։ Վիրահատությունից հետո ցավեր ունեի, բայց ինձ արդեն հրաժարվեցին վիրահատել՝ չերաշխավորելով հետագա դրական արդյունքը։ Միայն բժիշկ Միքայելյանի երաշխավորմամբ իրականացավ իմ 3D մոդելավորմամբ վիրահատությունը»,- նշեց Հայկը։

Իմպլանտները կենտրոնին անվճար տրամադրել է «Hybrid Technologies» ընկերությունը, վիրահատությունը կատարվել է պետական պատվերով։

Բժիշկ Միքայելյանի խոսքով՝ նմանատիպ վիրահատություններ Հայաստանում կատարվում են 2020 թվականից հետո, այս պահին եւս ծրագրավորած վիրահատություններ կան պատերազմում վիրավորված զինծառայողների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է