• Latest news

Գիտնականներն ստեղծել են շարժական սարք Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդություններն ախտորոշելու համար

15 նոյեմբերի, 2023  21:57

ԱՄՆ եւ Չինաստանի գիտնականների միջազգային խումբը ստեղծել է շարժական ոչ ինվազիվ սարք, որը կարող է հայտնաբերել Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների բիոմարկերները։ Բիոսենսորը փոխանցում է ուսումնասիրությունների արդյունքները նոութբուքին կամ սմարթֆոնին անլար ցանցի միջոցով։ Սարքը հաջողությամբ ստուգվել է պացիենտների նմուշների վրա։

Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդություննրի թեստավորման ժամանակակից մեթոդները պահանջում են ոսկրածուծի պունկցիա եւ վիզուալացվող հետազոտություններ, ներառյալ ՄՌՏ-ն։ Արդյունքում՝ հիվանդության ավելի վաղ հայտնաբերումը դժվարանում է, քանի որ պացիենտները հրաժարվում են ինվազիվ միջամտություններից։ Շատ մարդիկ դժվարություններ ունեն շարժվելու հարցում, կամ նրանց համար հասանելի չեն բուժհաստատությունները։

Հետազոտողները նպատակադրվել են ստեղծել թեստ էլեկտրական հայտնաբերման հիման վրա, որը թույլ կտար պարզել բետա-ամիլոիդային պեպտիդները եւ տաու-պեպտիդները (Ալցհեյմերի հիվանդության բիոմարկերները) եւ ալֆա-սինուկլեինի սպիտակուցները (Պարկինսոնի հիվանդության բիոմարկերները) ոչ ինվազիվ ձեւով, մասնավորապես՝ թքից եւ մեզից։ Դա իրականացնելու համար գիտնականներն ադապտացրել են սարքը, որն ստեղծվել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ՝ SARS-CoV-2-ին բնորոշ սպիտակուցների հայտնաբերման համար։

Սարքը բաղկացած է չիպից, որն ունի գերզգայուն տրանզիստոր, որը հայտնի է որպես դաշտի էֆեկտ ունեցող տրանզիստոր (FET)։ Սարքին միացվել է ԴՆԹ-թելը, որն աշխատում է որպես զոնդ եւ կարող է կապվել որոշակի սպիտակուցների հետ, ինչպիսին են բետա-ամիլոիդը, տաու-սպիտակուցը կամ սինուկլեինը։ Երբ այդ ամիլոիդները կապվում են ԴՆԹ-ի զոնդով, որն անվանվում է ապտամեր, դա փոխում է էլեկտրականության հոսանքը սարքի երկու էլեկտրոդների միջեւ։ Հոսանքի կամ լարվածության այդ փոփոխությունը ազդանշան է, որը կարելի է օգտագործել հատուկ մարկերների հայտնաբերման համար, ինչպիսին են COVID-19-ի հետ կապված ամիլոիդները կամ սպիտակուցները

Հետազոտական խումբը թեստավորել է սարքը ամիլոիդային սպիտակուցներով, որոնք ստացվել են Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդություն ունեցող մահացած պացիենտների ուղեղից։ Փորձերը ցույց են տվել, որ բիոսենսորները կարող են հայտնաբերել հատուկ բիոմարկերները երկու վիճակների դեպքում էլ՝ բարձր ճշգրտությամբ։ Թեստավորման համար պահանջվում է նմուշների ոչ մեծ քանակություն՝ ընդամենը մի քանի միկրոլիտր։

Սարքը կարող է մոդիֆիկացվել այլ հիվանդությունների բիոմարկերների հայտնաբերման համար։ Հաջորդ քայլերը ներառում են արյան պլազմայի եւ ոսկրածուծի հեղուկի թեստավորում սարքի օգնությամբ, իսկ հետո, վերջապես, թքի եւ մեզի ուսումնասիրություններ։ Փորձարկումներն իրականացվելու են  հիվանդանոցներում եւ տարեցների տներում։ Եթե դրանք հաջող անցնեն, գիտնականները նախատեսում են դրա արտադրության հայտ ներկայացնել։ Վերջնանպատակը սարքը մեկ տարի հետո շուկա հանելն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է