• Latest news

Շվեդահայ բժիշկներ. Հաջողությունները միայն ֆինանսական ներդրումներով չեն ապահովվում

1 հոկտեմբերի, 2014  18:05

Շվեդահայ ընտանեկան բժիշկ Հենրիկ Շահնազարյանը 1980-ականներին է սովորել Երեւանի պետական բժշկական համալսարանում։ Նա իր կյանքի լավագույն տարիները համարում է Հայաստանում անցկացրած այդ յոթ տարիները։ Ուսանելու ընթացքում շարունակել է ընկերությունը դեռ ծննդավայրից ծանոթ իրանահայ Ռաֆիկ Բորոյանի հետ։ Հանգամանքների բերումով բուհն ավարտելուց հետո Ռաֆիկը եւս  տեղափոխվել է Շվեդիա։ 

«1992-ից Շվեդիայի առողջապահության համակարգն օպտիմալացվում էր, ինչի արդյունքում կարեւորվում էր ընտանեկան բժշկի ինստիտուտը։ Հենց դա էր պատճառը, որ ընտրեցինք այդ մասնագիտությունը։ Իսկ դրա համար Շվեդիայում անհարժեշտ էր եւս 5 տարի ուսանել ու միաժամանակ աշխատել»,-առողջապահության նախարարությունում այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասացին երկարամյա, փորձառու ընտանեկան բժիշկները։ 

Նրանք ներկայացրեցին 2000թ.-ից ի վեր Հայաստանի մարզերում եւ Երեւանում ընտանեկան բժշկության ներդրման ուղղությամբ իրենց կողմից իրականացվող ծրագրերը: Մինչեւ 2006թ. այս աշխատանքները մասնակի ֆինանսավորվել են Ստրոմբերգների ընտանիքի կողմից։ Այնուհետեւ ծրագիրը շարունակվել է հայազգի բժիշկների  ֆինանսավորմամբ:

Ամեն տարի այցելելով Հայաստան, նրանք իրենց ձեռք բերած գիտելիքները, փորձը եւ մասնագիտական հմտությունները հաղորդում են Հայաստանի բժիշկներին։ Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում,  տարբեր մարզերի բժշկական ամբուլատորիաներում եւ Արցախում դասախոսություններ, գործնական պարապմունիքներ ու հիվանդների խորհրդատվություններ են անցկացնում։

«Երբեմն թվում է, թե ամեն բան ֆինանսական ներդրումներով է պայմանավորված։ Բայց, իրականում, հնարավոր է շատ ավելի լավ  արդյունքներ ապահովել ճիշտ կազմակերպելով»,-ասաց  Ռաֆիկ Բորոյանը։

Հայազգի բժիշկները գտնում են, որ ընտանեկան բժշկության ինստիտուտի հիմքը Հայաստանում եւ Շվեդիայում նույնն է։ Նաեւ վստահեցնում են, որ վերջին տարիներին առողջապահության այս ոլորտը Հայաստանում թռիչքային վերելք է ապրել։

«Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այս օրերին անցկացված ընտանեկան բժշկության միջազգային գիտաժողովում Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից եկած ճանաչված մասնագետների հետ գիտական զեկուցումներ ունեցան նաեւ Հայաստանի մասնագետները։ Շատ լուրջ ձեռքբերում է, երբ հայաստանցի երիտասարդ մասնագետը համացանցի շնորհիվ ծանոթ է աշխարհում կատարվող զարգացումներին»։

Հենրիկ Շահնազարյանը եւ Ռաֆիկ Բորոյանը սեպտեմբերի 29-30-ին Տավուշի մարզի Մովսես համայնքում էին։ Նրանք տպավորված են նաեւ գյուղական մակարդակում այս ինստիտուտի հաջողություններով։ Համայնքի եւ շրջակա գյուղերի բնակչության համար կազմակերպված բաց դռների օրերին համոզվել են, որ փոխվել են նաեւ բնակչության մոտեցումները։ Մարդիկ հիմա սկսել են ավելի կարեւորել իրենց առողջությունն ու ժամանակին դիմել բժշկի:

Վերջին երկու տարիներին շվեդահայ բժիշկները բարեգործական իրենց գործունեությունը ծավալում են հիմնականում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի հետ երկար տարիներ համագործակցելու, նվիրված աշխատանքի, բժշկական կադրերի պատրաստման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հենրիկ Շահնազարյանը եւ Ռաֆիկ Բորոյանը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով պարգեւատրվել են պատվոգրով: Պատվոգրերը նրանց հանձնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:

Շվեդիայի Ուպսալա քաղաքում աշխատող վաղեմի ընկերներ Հենրիկ Շահնազարյանը եւ Ռաֆիկ Բորոյանը վստահեցրին, որ շարունակելու են համագործակցել ՀՀ առողջապահության նախարարության հետ` իրենց նպաստը բերելով Հայաստանի բնակչության առողջության պահպանման գործին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է