• Latest news

Ինչպե՞ս ընտրել բուժման ուղին՝ ճանաչելով քաղցկեղը

8 մայիսի, 2024  17:09

Մինչև վերջերս քաղցկեղը բուժում էին, հիմնվելով ուռուցքի տեղակայման և փուլի մասին ինֆորմացիայի վրա։ Այժմ արդեն բժիշկները գիտեն, որ ավելի կարևոր է քաղցկեղի տեսակի, այլ ոչ տեղակայման մասին ինֆորմացիան, և բուժման տակտիկան կախված է դրանից։ Այսօր գենետիկական ախտորոշման մեթոդները հնարավորություն են տալիս քաղցկեղը բուժել թիրախային կերպով, և ամեն պացիենտի համար ընտրել անհատական բուժում։  Հասկանալու համար, թե ինչպես է դա տեղի ունենում, նախ դիտարկենք, թե ինչպես է աշխատում մարդու օրգանիզմը, և նրա աշխատանքի որ «սխալներն» են հանգեցնում քաղցկեղի առաջացմանը։

Մարդու մարմինը և նրա աշխատանքի «չարորակ սխալները»

Եվ այսպես, մարդու մարմինը կազմված է տարբեր հյուսվածքներից, որոնք իրենց հերթին պարունակում են բազմաթիվ բջիջներ: Բջիջը մարմնի ամենափոքր միավորն է: Յուրաքանչյուր բջիջ ունի կորիզ, որում կա գենոմ, որն էլ իր մեջ պարունակում է բջջի ամբողջական ժառանգական նյութը։ Գենոմն իր մեջ ներառում է քրոմոսոմները (մարդու մոտ 23 զույգ), որոնցից յուրաքանչյուրը  բաղկացած է դեզոքսիրիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) մեկ թելից: ԴՆԹ–ի առանձին հատվածներն այսպես կոչված գեներն են, որոնք օրգանիզմի տարբեր հատկությունների մասին ինֆորմացիա են պարունակում։ Այսպիսով, ԴՆԹ–ն պարունակում է օրգանիզմի ճիշտ գործունեության համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:

Screenshot_1.png (130 KB)

Քանի որ մարդու բջիջների կյանքի տեւողությունը սահմանափակ է, դրանք շարունակաբար փոխարինվում են՝ աճի և տրոհման շնորհիվ։  Տրոհման ընթացքում կատարվում է բջջի ԴՆԹ-ի պատճենում, որը նշանակում է սկզբնական ԴՆԹ-ի լրիվ կրկնօրինակում:

ԴՆԹ-ի պատճենման ընթացքում կարող է առաջանալ «սխալ»: Բժշկագիտության մեջ այդպիսի «սխալը» կոչվում է մուտացիա:

Մուտացիա

Մուտացիան կարող է առաջանալ արտաքին ազդեցությունների պատճառով, բայց կարող է լինել նաև ժառանգական։  Օրինակ՝ մուտացիա առաջացնող արտաքին ազդեցություններ են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ճառագայթային կամ քիմիական ազդեցությունները և այլն: Բակտերիալ կամ վիրուսային ինֆեկցիաները նույնպես կարող են առաջացնել մուտացիաներ: Այդպիսին են, օրինակ, մարդու պապիլոմավիրուսը, Էպշտեյն–Բարրի վիրուսը և այլն։

Screenshot_2.png (126 KB)

Մուտացիաները կարող են ազդել բջիջների աճի և գործունեության վրա:

Եթե մուտացիան չի վերանորոգվում, այդ փոփոխությունը անընդհատ կրկնվում է բջջի մեջ: Այդ բջիջները սկսում են անվերահսկելիորեն կիսվել և բազմանալ, ձևավորելով չարորակ նորագոյացություն՝ առաջնային քաղցկեղ։

Եթե քաղցկեղային բջիջները անցնում են արյան շրջանառության մեջ կամ ավշային համակարգ, նրանք տարածվում են և կարող են առաջացնել երկրորդային ուռուցքներ, որոնք կոչվում են մետաստազներ:

Ինչո՞ւ է պետք հայտնաբերել քաղցկեղային մուտացիաները

Որպես կանոն քաղցկեղը բնութագրվում է առաջնային օջախի տեղակայմամբ: Օրինակ՝ կրծքագեղձի, լյարդի, թոքի քաղցկեղ: Եվ տարբեր տիպի քաղցկեղների թերապևտիկ բուժումը մինչև վերջերս ևս պայմանավորված է եղել նրանով, թե կոնկրետ ինչ տեղակայում ունի առաջնային ուռուցքը։ Օրինակ, այդպես է կիրառվում դասական քիմիաթերապիան, որը ցիտոտոքսիկ (արագ բազմացող բջիջների բազմացումը կանխող) դեղերի ազդեցությունն է ինչպես ուռուցքային, այնպես էլ առողջ բջիջների վրա:

Բայց այսօր արդեն ավելի շատ ինֆորմացիա է կուտակվել ուռուցքային բջիջների ԴՆԹ–ի  այն մուտացիաների մասին, որոնք նպաստում են քաղցկեղի առաջացմանը: Եվ դա հնարավորություն է տալիս բուժման ավելի թիրախային մեթոդներ կիրառել։

Օրինակ, հայտնի է, որ միևնույն ուռուցքի դեպքում (օրինակ, կրծքագեղձի քաղկցեղ) միևնույն քիմիաթերապևտիկ բուժումը մի պացիենտի համար կարող է շատ արդյունավետ լինել, իսկ մեկ ուրիշի՝ ոչ։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ նրանց մոտ կարող են հայտնաբերվել տարբեր տիպի մուտացիաներ, որոնք պահանջում են բուժման տարբեր մոտեցումներ։ Եվ հակառակը՝ տարբեր տեղակայման ուռուցքների դեպքում (օրինակ, կրծքագեղձի քաղկցեղ և թոքի քաղցկեղ) տարբեր պացիենտների մոտ կարող են հայտնաբերվել ԴՆԹ–ի նմանատիպ մուտացիաներ, որոնք պահանջում են բուժում միևնույն եղանակով։

Այսպիսով, տարբեր պացիենտների մոտ քաղցկեղային բջիջների ԴՆԹ-ի մուտացիաների տեսակը և քանակը տարբերվում է, ինչը յուրաքանչյուր քաղցկեղ դարձնում է եզակի:

Օրինակ, նախկինում թոքի քաղցկեղը համարվում էր մեկ հիվանդություն: Բայց հիմա հայտնի է, որ թոքի քաղցկեղի զարգացման հիմքում կարող են լինել տարբեր մուտացիաներ, և այդ քաղցկեղները տարբեր բուժում ունեն:

Եթե քաղցկեղով պացիենտի մոտ հայտնաբերվել է որևէ մուտացիա, ապա բուժող բժիշկը կարող է նշանակել ավելի նպատակային բուժում. թիրախային թերապիա` հիմնվելով հայտնաբերված մուտացիայի վրա:

Բուժման արդյունավետությունը պետք է ունենա  կլինիկական բալանսավորում  առավելությունների և կողմնակի ազդեցությունների միջև: Դեղը, որը կունենա խիստ արտահայտված կողմնակի ազդեցություններ, չի կարող լինել օգտակար, նույնիսկ եթե շատ արդյունավետ է քաղցկեղի բջիջների ոչնչացման գործում:

Կարող են լինել դեպքեր, երբ մուտացիաներ չեն հայտնաբերվում: Դա էլ է արժեքավոր ինֆորմացիա, որը օգնում է պլանավորել հետագա բուժումը:

ԴՆԹ-ի մուտացիայի տեսակը ախտորոշելու առաջին քայլը բիոպսիան է կամ արդեն առկա վիրահատական նյութի նախապատրաստումը։ Բիոպսիայի համար  կարելի է նմուշ վերցնել պինդ հյուսվացքից կամ արյունից:

ԴՆԹ-ի մուտացիաների հայտնաբերման ձևերից է գենոմային թեստավորումը:

Ամբողջական գենոմային պրոֆիլավորումը տալիս է քաղցկեղի ամբողջական պատկեր` հետազոտելով բազմաթիվ մուտացիաների առկայությունը քաղցկեղի ԴՆԹ-ում:

Այս մեթոդը մեծացնում է կարևոր մուտացիաների հայտնաբերման և առավել  թիրախային (նպատակային) թերապիայի որոշման հնարավորությունները:

Ամբողջական գենոմային պրոֆիլավորման ընթացքը

  1. Հյուսվածքի նմուշի ստացում՝ վիրահատութան կամ բիոպսիայի միջոցով։
  2. Նմուշի հետազոտում. պարզելու համար արդյո՞ք նմուշի քանակը բավարար է գենոմային պրոֆիլավորման համար։
  3. ԴՆԹ-ի անջատում քաղցկեղի բջջի կորիզից ԴՆԹ մոլեկուլի անջատում հետազոտության համար։
  4. Ամբողջական գենոմային պրոֆիլավորում . առկա ուռուցքի բջիջների ԴՆԹ-ն հետազոտվում է հնարավոր մուտացիաների հայտնաբերման նպատակով։ Այս պրոցեսը տևում է 2-3 շաբաթ։
  5. Գենոմային պրոֆիլավորում ցույց է տալիս հայտնաբերված մուտացիաներով գենոմային պրոֆիլը։
  6. Տվյլաների ամփոփում գիտնականների թիմը հավաքագրում է ամբողջ տվյալները և նկարագրում է այն մուտացիաները, որոնք հայտնաբերվել են առկա ուռուցքի բջիջներում:
  7. Բուժման առաջարկում․ հայտնաբերված մուտացիաների հիման վրա առաջարկվում են բուժման տարբերակները, որոնք են՝ թիրախային թերապիան և իմունաթերապիան:
  8. Հիմնավորված բժշկական հաշվետվություն բժիշկը ստանում է ամբողջական գենոմային պրոֆիլավորման հաշվետվություն , որի մեջ ներառված է առկա ուռուցքի վերաբերյալ բոլոր մանրամասները․
  • Մուտացիաների առկայությունը կամ բացակայությունը,
  • Մուտացիաների առկայության դեպքում՝ առաջարկվող թիրախային թերապիան,
  • Իմունոթերապիայի հիմնավորման ցուցանիշները,
  • Ցուցանիշների առկայության դեպքում՝ առաջարկվող դեղերը։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել