• Latest news

Կնոջ դողը դադարում է հենց վիրահատության ժամանակ. պարկինսոնիզմի վիրահատական բուժումը պացիենտի արթուն վիճակում

11 ապրիլի, 2024  21:50

62–ամյա կինը, որը Պարկինսոնի հիվանդության պատճառով ուներ ձեռքի եւ ոտքի անկառավարելի դող և անկանոն շարժումներ, վիրահատությունից հետո հանգիստ քայլում է, և վերջույթներն այլևս չեն դողում։ Ավելի ճիշտ՝ ոտքի դողն անմիջապես անցնում է այն պահից սկսած, երբ բժիշկներին հաջողվում  է էլեկտրոդը տեղադրել գլխուղեղի համապատասխան հատվածում , որի անոմալ ակտիվությունն էլ  բերում էր ոտքի խնդրին։

Կինը 9 տարուց ավելի է ունի Պարկինսոնի հիվանդություն։ Վերջին շրջանում հիվանդությունն ավելի էր զարգանում , և դեղորայքային բուժումն այլևս անօգուտ էր։ Առաջարկվեց կատարել գլխուղեղի խորանիստ կորիզների աբլյացիա։ Ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ գլխուղեղի խորանիստ հյուսվածքի համապատասխան հատվածում գերճշգրիտ եղանակով տեղադրվեց էլեկտրոդ, այնուհետև կատարվեց նշված կորիզի ստիմուլյացիա, և դողի վերացման ցանկալի արդյունքը տեսնելուց հետո ռադիոհաճախային ազդակներով կատարվեց նշված կենտրոնի աբլյացիա։

«Հիվանդը, ինչպես տեսաք վիրահատության ընթացքում արթուն էր, մեր հետ կոնտակտի մեջ էր, վիրահատության ընթացքում մենք վերահսկում էինք նրա համապատասխան ֆունկցիան անմիջապես մեր աբլյացիայի ընթացքում, որը իրենից ենթադրում է նշված կորիզների ռադիոհաճախային կոագուլյացիա։ Մենք տեսնում ենք մեր դրական արդյունքը, եւ հասկանում ենք, թե երբ պետք է կանգ առնել, որպեսզի չվնասենք շրջակա այլ հյուսվածքներ եւ չառաջացնենք նոր նյարդաբանական խանգարումներ։ Այս միջամտությունն ունի իր առավելությունը, քանի որ հիվանդը արթուն է, եւ մենք անմիջապես տեսնում ենք էֆեկտը, միջամտության դրական արդյունքը։ Հիվանդի դողը միանգամից պակասում է, եւ մենք վերահսկում ենք ընթացքը», – ասում է «Արաբկիր» ԲՀ Նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը։

Բժիշկը հավելում է, որ այս վիրահատությունը ցուցված է առավելապես ձեռքերի և ոտքերի անկառավարելի դողով Պարկինսոնի հիվանդություն և էսենցիալ դող ունեցող պացինետներին: Բայց կան որոշակի սահմանափակումներ, ոչ բոլոր հիվանդներին է այն առաջարկվում:  Պարկինսոնի հիվանդության շատ բարդացած դեպքերում ցուցված է մեկ այլ միջամտություն՝ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա, որը ևս նյարդավիրաբույժներ Սեւակ Բադալյանն ու Նիկո Արզումայանը հաջողությամբ կատարում են  «Արաբկիր» բժշկական համալիրում:

Հիշեցնենք, որ այսօր, ապրիլի 11–ին, նշվում է Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի Համաշխարհային օրը։

Մանրամասները տեսանյութում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել