• Latest news

Սառեցված կղանքով պարկուճները՝ աղիքային ինֆեկցիայի բուժման միջո՞ց

14 հոկտեմբերի, 2014  11:41

Հակաբիոտիկներով բուժում ստացող հիվանդների շրջանում այս կամ այն ինֆեկցիայով վարակման բարձր ռիսկ է գործում: Դրանցից ամենատարածվածներից մեկը կյանքի համար որոշակի սպառնալիք ներկայացնող՝ Clostridium difficile անվամբ հայտնի մանրէների հրահրմամբ է ի հայտ գալիս: Վերջերս իրականացված փորձարկումների ընթացքում գիտնականներին հաջողվել է C. difficile-ային ինֆեկցիան սառեցված կղանքով լի պարկուճների օգնությամբ բուժել: Journal of the American Medical Association ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, հետազոտության արդյունքում վկայություններ են ստացվել առ այն, որ բուժման առաջարկվող եղանակը 90 տոկոս դեպքերում փորլուծությունը դադարեցնելու ներուժ է դրսեւորում, հաղորդում է Medical Daily-ն:

Թեեւ խնդրո առարկա մանրէն կարելի է մարդկանց մեծ մասի աղիքներում գտնել, հակաբիոտիկներ ընդունող հիվանդները խիստ խոցելի են դրա հրահրմամբ ի հայտ եկող ինֆեկցիայի նկատմամբ, քանի որ առողջ մարդկանց աղիներում C. difficile-ը վերահսկողության է ենթարկվում՝ այլ մանրէների կողմից: Մինչդեռ հակաբիոտիկների օգնությամբ վերահսկողությունից ազատվելու պարագայում այն կարող է պրոլիֆերացիայի հնարավորություն ձեռք բերել: Միայն Միացյալ Նահանգներում ամեն տարի C. difficile-ային ինֆեկցիայի զոհը դարձած չափահասների եւ երեխաների թիվը 14 հազարի է հասնում: Ընդ որում, նրանց մահվան պատճառը մեծ ի մասամբ ծանր փորլուծությունն ու աղիքների սուր բորբոքումն է դառնում:

C. difficile-ից արտազատված սպորները վարակված մարդու աղիքները լքելու եւ օդակաթիլային ճանապարհով այլ մարդու անցնելու հատկություն են դրսեւորում: Ինֆեկցիան չափազանց դժվար է բուժվում հատկապես այն պարագայում, երբ հիվանդի մոտ որոշ հակաբիոտիկների, մասնավորապես՝ մետրոնիդազոլի կամ վանկոմիցինի նկատմամբ դիմադրողականություն է գործում:

Ընթացիկ հետազոտության շրջանակում գիտնականները պարզել են, որ կղանքի տրանսպլանտացիան կարող է արդյունավետ միջոց ծառայել՝ C. difficile-ային ինֆեկցիայի բուժման գործում: Այն առողջ մարդու աղիներից հիվանդին կղանքային մանրէների տրամադրում է ենթադրում: Ընդ որում, բուժման մեթոդի կիրառման եղանակների եւ երկարաժամկետ ազդեցությունների շուրջ տարաձայնությունները բավականին երկար ժամանակ թերապիայի փորձարկման փուլի ձգձգման են հանգեցրել:

Որպես խնդրի լուծում, գիտնականները որոշել են նախ սառեցնել կղանքը, այնուհետեւ էլ՝ նազոգաստրալ զոնդի օգնությամբ հիվանդին ներպատվաստել: Փորձագետների պնդմամբ, առաջարկվող տեխնոլոգիան արդյունավետությամբ չի զիջում թարմ կղանքի ներպատվաստման գաղափարին: Ավելի ուշ, սակայն, որոշվել է հրաժարվել նազոգաստրալ զոնդի կիրառումից եւ փոխարենը սառեցված կղանքը հերմետիկ փակված պարկուճի տեսքով տրամադրել հիվանդներին: 

Գիտնականները պարկուճի արդյունավետությունը C. difficile-ային ինֆեկցիայով վարակված 20 հիվանդների նկատմամբ են ստուգել՝ երկու օրվա համար 15-ական միավոր նշանակելով: Այնուհետեւ, վեց ամիս շարունակ, հիվանդները գիտահետազոտական խմբի անդամների անխախտ վերահսկողության տակ են պահվել: 20 հիվանդներից 14-ի պարագայում (70 տոկոս) փորլուծությունը դեռեւս պարկուճներն ընդունելիս է վերացել, իսկ 6-ը յոթ օր անց պրոցեդուրայի կրկնման են ենթարկվել: Հիշյալ խմբից եւս չորս հիվանդների պարագայում պրոցեդուրայի կրկնման անհրաժեշտություն այլեւս չի առաջացել, ինչը նշանակում է, որ մեթոդը 90 տոկոս արդյունավետություն է ապահովում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել