• Latest news

Հոգեբույժ. Արտագաղթը հասարակության սթրեսի դրսեւորումն է

8 փետրվարի, 2016  22:56

Հայաստանն անցումնային շրջանում է, իսկ նման շրջանը հղի է սթրեսային իրավիճակներով: Հասարակությունը, ինչպես եւ մարդը, սթրեսին արձագանքելու իր մեխանիզմներն ունի, բայց հայերի մոտ դրա հետ մեկտեղ ազգային առանձնահատկություններ կան: 

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է հոգեբույժ Սամվել Սուքիասյանը, սթրեսը խնդիրների լուծման մեխանիզմ է` եւ անհատական մակարդակում, եւ հասարակական:  Կախված այն բանից, թե ինչպես է հաջողվում լուծել խնդիրները, կարելի է հայտնվել պաթոլոգիական սթրեսի մեջ, որը դիսթրես է կոչվում, կամ էլ խնդիրը լուծել  եւ դուրս գալ նորմալ, առողջ էուսթրես: Սամվել Սուքիասյանի խոսքով, սթրեսները շատ տարբեր ելքերի են հանգեցնում: 

«Այն, որ մեր երկրում մարդ չի մնում, եւս սթրեսին արձագանք է` փախուստ խնդրից:  Արտագաղթը հասարակության սթրեսի դրսեւորում է:  Քրեական բաղադրիչի աճը, ապահասարակական եւ հակահասարակական երեւույթները սթրեսի դրսեւորում են, դա ցածր մակարդակում ադապտացիայի մեխանիզմ է: Այսինքն հասարակության ամեն անդամը, ամեն շերտը յուրովի է հարմարվում: Մեկը թմրամոլ է դառնում, մյուսը` գող, երրորդը` հարբեցող:  Ինչ-որ մեկն այնքան կտառապի, որ սրտի կաթված կստանա:   Այսինքն սթրեսը կարող է հանգեցնել ֆիզիկական, սոմատիկ դրսեւորումների, հիվանդացման աճի:  Դիաբետը, սիրտ-անոթային հիվանդությունները, ուռուցքային հիվանդություններն աճում են: Գերեզմանատանն այժմ ավելի շատ երիտասարդներ են, քան ծերեր», - նշել է նա:

Աճում է նաեւ հոգեկան խանգարումների մակարդակը, բայց այստեղ մի մեծ  «բայց» կա: Երբ խոսքը ժառանգականորեն կանխորոշված հոգեկան հիվանդությունների մասին է, նրանց թիվն անփոփոխ է մնում, դրանցով տառապում է բնակչության մոտ  1 տոկոսը: Նման հիվանդությունների դեպքում սթրեսը պատճառ չէ, բայց կարող է դրսեւորման առիթ դառնալ: 

«Բայց դրա փոխարեն աճում է սահմանային խանգարումների` նեւրոզների, դեպրեսիաների, ֆոբիաների, տագնապային վիճակների, օբսեսիաների, նեւրասթենիայի, անքնության, վեգետատիվ խանգարումների թիվը: Սա սահմանային հոգեբուժություն է», - նշել է նա: Սամվել Սուքիասյանը պատմել է, որ մի քանի տարի առաջ ուսանողների շրջանում հետազոտություն է իրականացրել տագնապի հատուկ հիվանդանոցային սանդղակով, ուսանողների 80 տոկոսի մոտ  տագնապի եւ դեպրեսիայի պաթոլոգիական մակարդակ է արձանագրվել:  Նա նշել է, որ, օրինակ, տագնապի նման մակարդակ է դիտարկվել նաեւ Նյու Յորքի բնակիչների մոտ, բայց այստեղի եւ այնտեղի պատճառները լրիվ տարբեր են:  

«Սկզբունքորեն, մարդն առանց սթրեսի չի կարող ապրել: Միայն դիակի մոտ սթրես չի լինում: Բայց հարցն այն է, թե դա էուսթրես է, թե դիսթրես: Ինձ համար, որպես բժշկի, կարեւոր են ֆիզիկական հետեւանքները, եւ վերջին տարիներին ակնհայտորեն դրանց աճ է նկատվում», - նշել է նա:

Խոսելով այն մասին, թե հայերն ինչու չեն ընդվզում, այլ որպես ադապտատիվ մեխանիզմ գերադասում են կամ արտագաղթը, կամ ավելի ցածր մակարդակում հարմարվելը, հոգեբույժը նշել է, որ գաղտնիքը  պատմության եւ մտակերտվածքի մեջ է: Նրա խոսքով, հայ ժողովուրդը մի քանի առանցքային ասացվածք ունի, որոնք հստակորեն բնորոշում են նրա հավաքական մտածելակերպը`   «Եղունգ ունես, գլուխդ քորի», «Յոլա գնալ», «Փափախ փախցնել»:

«Հայ ժողովուրդը պետության միջոցով չի գոյատեւել, գոյատեւել է միայնակ, ընտանիքով, այդ եղանակով գոյատեւելով որպես ժողովուրդ եւ ազգ: Այլ ազգություններ պետություն են ստեղծել պատերազմելու եւ իրենց պահպանելու համար: Այս ազգությունը աշխարհում միակն է, որը գոյատեւել է նրանով, որ նրա ամեն ներկայացուցիչ ինքնուրույն է գոյատեւել: Այդպես մենք գոյատեւել ենք կայսրությունների իշխանության տակ, սակայն մենք նույն մեխանիզմներով ենք փորձում գոյատեւել այսօր` սեփական պետության գոյության պայմաններում, բայց այնպիսի պայմաններում, երբ պետությունն էլ նույն սկզբունքով է ապրում», - նշել է նա` հավելելով, որ բնականաբար, «երբ ի վիճակի եմ գլուխս քորել,  չեմ ընդվզի, չեմ ասի`  «մյուսի եղունգն ավելի մեծ է»»:

Հոգեբույժի խոսքով, խնդիրների ի հայտ գալու դեպքում մարդը հարմարվում է ավելի բարձր կամ ավելի ցածր մակարդակում:  «Պետությունը եւ հասարակությունը  կորցնում են իրենց մի մասը, իսկ ավելի փոքր մասով հարմարվում են առկա ռեսուրսների սահմաններում:  Եթե այստեղ շատ մարդ լիներ, անկասկած կպայթեր, բայց քանի որ ամեն մեկը հարմարվում է այնպես, ինչպես ստացվում է, մի մասը, որպես հարմարվելու մեխանիզմ, արտագաղթն է ընտրում:   Այստեղ մնացել են այն մարդիկ, որոնք արդեն կորցնելու բան չունեն եւ գնալու տեղ չունեն, եւ նրանք, ովքեր դեռ ինչ-որ բան կարողանում են անել», - հավելել է նա:

Մասնագետի խոսքով, այժմ երկրում դժգոհ են եւ հարուստները, եւ աղքատները, դա աբսուրդ է: Բայց մենք ապրում ենք, ինչպես կարող ենք («յոլա ենք գնում»): «Չգիտեմ, թե դա որքան խորն է եւ դեռ ինչքան կարող ենք իջնել, բայց մի օր, երբ արդեն չլինի ոչ մեկը, որը հաց, լուցկի եւ շաքար գնի, աղետ կլինի», - ասել է նա` հավելելով, որ այսօր երկրում մեզանից ոչ մեկը չի աշխատում իր գաղափարների եւ մասնագիտական հնարավորությունների իրականացման համար, մենք բոլորս աշխատում ենք մի կտոր հացի համար, գոյատեւում ենք: Իսկ նրանց մոտ, ովքեր շաքարի եւ հացի առեւտրով են զբաղվում, գործում է «փափախ փախցնելու» սկզբունքը` վերցնել, որքան հնարավոր է:  «Առայժմ հանդուրժում են դա, բայց ի՞նչ կլինի, երբ պարզվի, որ ձեզ հաց վաճառելով ես չեմ կարող այնքան փող վաստակել, որ կերակրեմ ընտանիքս, ես չգիտեմ», - նշել է Սամվել Սուքիասյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել