Ապագայում մարդկանց կսկսեն խոզի սրտեր փոխպատվաստել

7 ապրիլի, 2016  22:07

National Institutes of Health-ի (NIH) գիտնականներին հաջողվել է բաբուինին խոզի սիրտ փոխպատվաստել, պրիմատի օրգանիզմը ոչ միայն չի վանել այդ սիրտը, այլեւ վերջինս անխափան աշխատել է երկուս ու կես տարի շարունակ: 

Ինչպես հայտնում է Science Magazine ամսագիրը, անհնար է ուղղակի վերցնել ու մի կենդանու օրգանը փոխպատվաստել մյուսին.  ստացողի իմունային համակարգն անմիջապես հարձակվում է այդ օրգանի վրա: Գիտնականներն արդեն ավելի քան 10 տարի` նման փոխպատվաստումը հնարավոր դարձնելու միջոց էին փնտրում: Այժմ այդ փորձարկման հաջողությունները թույլ են տալիս խոսել այն մասին, որ շուտով խոզի սրտի փոխպատվաստում հնարավոր կլինի կատարել բոլոր մարդկանց: 

«Մարդիկ սովոր են մտածել, թե դա ընդամենը վայրի փորձարկում է: Սակայն այժմ մենք տեսնում ենք, որ կենդանիների օրգանների` մարդուն փոխպատվաստումը կարող է իրականում տեղի ունենալ»,  — նշել է վիրաբույժ-փոխպատվաստող եւ նախագծի ղեկավար Մուհամմադ Մոհիուդդինը: 

Նախկինում գործընթացը սովորաբար բարդանում էր նրանով, որ վիրահատվողի իմունային համակարգը վանում էր բոլոր նոր օրգանները: Քսենոփոխպատվաստում (մի տեսակից մյուսին փոխպատվաստում) տարածների կյանքի ժամկետը  140-ից 180 օր է կազմում: Այս խնդիրը լուծելու համար գիտնականները սկսել են աշխատել գենետիկական մոդիֆիկացիա ապրած դոնոր խոզերի հետ` մեծացնելով պրիմատների օրգանիզմի հետ նրանց օրգանների համատեղելիությունը: Այսպիսով պրիմատների օրգանիզմը դադարել է վանել փոխպատվաստված սիրտը, եւ այն իրեն ավելի երկար է ծառայել, քան նախկինում երբեւէ: 

Այդ փորձարկման մասին պատմել է Nature Communications ամսագիրը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում