ԱՄՆ մասնագետները հաստատել են Զիկայի եւ միկրոցեֆալիայի միջեւ կապը

14 ապրիլի, 2016  18:37

Ամերիկացի գիտնականները բազմաթիվ հետազոտություններից հետո հաստատել են մոծակների կողմից փոխանցվող Զիկա վիրուսի եւ բնածին լուրջ արատների, ներառյալ միկրոցեֆալիայի միջեւ կապը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների  (CDC) տնօրեն Թոմաս Ֆրիդենը: 

«Այժմ պարզ է, եւ CDC-ն այնպիսի եզրակացության է հանգել, որ Զիկա վիրուսն իրոք միկրոցեֆալիա է առաջացնում:   Դրանում ոչ մի կասկած չկա, նշել է նա:  Հաստատումը հիմնվում է առավել հավաստի գիտական տվյալների վերլուծության վրա, որն իրականացրել են  CDC-ն եւ կանանց առողջության պահպանման ոլորտի այլ փորձագետներ` ուսումնասիրելով պտղի եւ մոծակների կողմից փոխանցվող հիվանդությունների միջեւ կապը»:

Պտղի մոտ բնածին արատների ի հայտ գալու եւ վարակի միջեւ կապը Ֆրիդենն աննախադեպ է կոչել:  «Մենք երբեք չէինք բախվել նման իրավիճակի, որի դեպքում մոծակի խայթոցը պտղի մոտ զարգացման կործանարար արատներ առաջացներ», - ընդգծել է նա:

Ֆրիդենը հետազոտության արդյունքները «համաճարակի դեմ պայքարի շրջադարձային պահ» է կոչել. համաճարակը վնաս է հասցրել Հարավային Ամերիկային, հատկապես Բրազիլիային, որտեղ հիվանդացման ավելի քան  1,5 մլն դեպք է գրանցվել: 

Նա ընդգծել է, որ Զիկա վիրուսի մասին «շատ բան անհայտ է», ինչի համար հետազոտությունների «տարիներ անհրաժեշտ կլինեն»: Մասնագետը համարում է, որ «միկրոցեֆալիան ընդամենը գագաթն է այսբերգի` այն վնասակար ազդեցության, որ վիրուսն ունենում է պտղի ուղեղի եւ զարգացման վրա»:

Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են ամերիկյան մասնագիտացած  New England Journal of Medicine պարբերականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում