Գյուլբենկյանի ինստիտուտի կենսաբանները բացահայտել են քաղցկեղային բջիջների անկառավարելի կիսման գաղտնիքը

22 ապրիլի, 2016  22:35

Պորտուգալիայում Գյուլբենկյանի ինստիտուտի կենսաբանների խումբը կարողացել է հասկանալ, թե մայրական բջիջը կիսման ընթացքում ինչպես է դուստր բջիջներին ցենտրիոլների ճիշտ քանակություն բաշխում` օրգանելլաների, որոնք մասնակցում են բջջային կենտրոնի  եւ կիսման  առանցքի ձեւավորմանը. դրանց քանակի շեղումը կարող է քաղցկեղ առաջացնել: Պարզվում է, որ գոյություն ունի հատուկ սպիտակուց, որը ճնշում է ավելորդ ցենտրիոլների պատճենումը: Արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում:

Ցենտրիոլը  միկրոխողովակներից կազմված գլանաձեւ բջջային կառուցվածք է: Բջջում սովորաբար երկու ցենտրիոլ է պահվում, սակայն բջջի կիսման ընթացքում յուրաքանչյուր մայրական ցենտրիոլ դուստր ցենտրիոլ է արտադրում: Յուրաքանչյուր զույգում ցենտրիոլները նախ ուղղահայաց  ամրանում են իրար, հետո կիսվում են եւ հեռանում բջջի հեռավոր ծայրեր` կիսման առանցք ձեւավորելով: Գիտնականները որոշել են պարզել, թե ինչ մեխանիզմներ են մասնակցում ցենտրիոլի միանգամյա պատճենմանը: 

Հետազոտողները ուշադրություն են դարձրել ցենտրիոլի ձեւավորման վերջերս հայտնաբերված առանցքային կարգավորիչին` Plk4 սպիտակուցին: Այն ակտիվանում է միայն դուստր ցենտրիոլների ձեւավորման սկզբում, դա նշանակում է, որ մնացած  ժամանակ ինչ-որ բան ճնշում է այն: Միաժամանակ ապահովվում է խողովակների պատճենների ճիշտ թիվը: 

Կենսաբանները հայտնաբերել են, որ սպիտակուցային CDK1 համալիրը (ցիկլինակախյալ կինազա), որը կանխորոշում է բջջային կիսման ժամանակը, նաեւ Plk4-ի ակտիվության ճնշիչ է: Այն խոչընդոտում է սպիտակուցի փոխազդեցությանը  STIL սուբստրատի հետ: Այդ պատճառով Plk4-ը նոր ցենտրիոլների հավաքումն  ակտիվացնում է միայն ակտիվ   CDK1-ի բացակայության պարագայում: Իր կիսումից առաջ ցենտրիոլները կրկնապատկելու համար բջիջը գուցե սկսում է այնպիսի նյութեր սինթեզել, որոնք ճնշում են ցիկլինակախյալ կինազան: Քաղցկեղի բջիջները կարող են մշտապես ճնշել CDK1-ն` ցենտրիոլների չափազանց շատ պատճենում առաջացնելով եւ նպաստելով իրենց անկառավարելի կիսմանը: 

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում