ԱՀԿ-ն Զիկա տենդի բռնկում է ակնկալում

25 ապրիլի, 2016  16:53

Առաջիկա ամիսներին Զիկա տենդի բռնկում է ակնկալվում այն երկրներում, որտեղ այն դեռեւս չէր գրանցվել: Նման անհանգստություն են հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները Փարիզում մամուլի ասուլիսի ընթացքում:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Մարի-Պոլ Կինին նշել է, որ մոծակների սեզոնի հետ կապված, որը շուտով կսկսվի Եվրոպայում,  «վիրուսների տեղական փոխանցման հնարավորությունը սեռական եղանակով փոխանցման համադրությամբ կարող է Զիկա վիրուսով վարակվածների թվի զգալի ավելացում եւ վիրուսի հետ կապված բարդություններ առաջ բերել»:

Զիկա տենդը վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է Զիկա վիրուսից: Հիվանդության բռնկում է արձանագրվել Աֆրիկայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Ասիայում եւ խաղաղօվկիանոսյան երկրներում: 

Սովորաբար Զիկա տենդը բարորակ ընթացք է ունենում եւ առանձնապես բարդացումներ չի առաջացնում, սակայն այն շատ վտանգավոր է հղի կանանց համար. Զիկա վիրուսը կարող է նորածինների մոտ միկրոցեֆալիա առաջացնել` ուղեղի վնասում, ինչպես նաեւ այլ բնածին արատներ: 

Ենթադրվում է, որ վիրուսը փոխանցվում է արեւադարձային անտառներում բնակվող  Aedes aegypti մոծակների միջոցով, որոնք նաեւ դենգե տենդ եւ այլ հիվանդություններ են տարածում: Սակայն գրանցված են նաեւ հիվանդության սեռական եղանակով փոխանցման դեպքեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում