Ադրբեջանի գործողությունների հետեւանքով երեք հայ զինվոր է վիրավորվել

27 ապրիլի, 2016  14:49

Ապրիլի 27-ի գիշերը Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի համաձայնագիրը, ինչի հետեւանքով երեք հայ զինծառայող է վիրավորվել. նրանցից մեկը ծանր վիճակում է: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

Նրա խոսքով, վնասվածքը զինվորականի կյանքին չի սպառնում եւ ծանր է համարվում վիրավորման ծավալով, նա բեկորային վնասվածք է ստացել ազդրի հատվածում եւ լուրջ վիրահատության անհրաժեշտ կլինի:

Ինչ վերաբերում է մյուս երկու վիրավորներին, նրանց վիճակը բավարար է. զինծառայողներից մեկը հարվածային ալիքի հետեւանքով ուղեղի ցնցում է ստացել, իսկ երկրորդը՝ թոքի բեկորային վնասվածք: Երեք վիրավորն էլ որակյալ բուժօգնություն են ստանում:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաեւ այս գիշեր: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ եւ այլ խաղաղ բնակավայրեր:

Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետեւանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում