Պանամայում Զիկայի հետեւանքով միկրոցեֆալիայով չորս նորածին է ծնվել

5 մայիսի, 2016  13:05

Պանամայի Առողջապահության նախարարությունը հաստատել է չորս նորածնի ծնունդը, որոնց մոտ միկրոցեֆալիա է հայտնաբերվել:  Պտղի զարգացման այդ ծանր արատն առաջանում է հղիության ընթացքում կանանց` Զիկա վիրուսով վարակվելու հետեւանքով:  

Մինչեւ վերջերս Պանամայում 14 հղի կին է հայտնաբերվել, որոնք վարակված են վտանգավոր վիրուսով: Երկրում զարգացման այլ լուրջ խանգարումներով երեխաների ծննդյան երկու դեպք է գրանցվել, չնայած դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն միկրոցեֆալիայի հետ, հայտնում է Reuters-ը:

Պանամացի մասնագետների կանխատեսումներով, մոտ ժամանակներս Պանամայում Զիկա վիրուսով վարակվածների թիվը կավելանա: Այդ կապակցությամբ հանրապետության իշխանությունները բնակչությանը կոչ են արել կանխարգելիչ սանիտարական միջոցներ ձեռք առնել եւ ակտիվ պայքար մղել   Aedes Aegypti մոծակների դեմ, որոնք վտանգավոր վարակի  փոխանցիչներ են համարվում: 

Գիտնականները ենթադրում են, որ Զիկա վիրուսը հղիների մոտ պտղի զարգացման տարբեր արատներ է առաջացնում: Դրանից առավել ծանրը համարվում է միկրոցեֆալիան: Բրազիլիայում, որտեղ Զիկա տենդի ծավալներն առանձնապես բարձր են, միկրոցեֆալիայի արդեն հարյուրավոր դեպքեր են հայտարարվել, որը կապված է հղիության այդ ժամանակահատվածում վարակման հետ: 

Մինչեւ վերջերս Զիկան մարդու համար վտանգավոր չէր համարվում: Այնուամենայնիվ, նոր տեղեկությունները սպառնալիքի մասին, որ այն կարող է երկայացնել առողջության համար, ամբողջությամբ փոխել են այդ վերաբերմունքը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընթացիկ տարվա փետրվարի  1-ին Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում վիրուսի տարածումը ճանաչել է որպես միջազգային մասշտաբի արտակարգ բժշկական իրավիճակ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում