ԵԱՏՄ-ին միանալուց հետո հայկական շուկայում կարող է աճել կեղծ դեղամիջոցների թիվը. քիմիկոս

24 մայիսի, 2016  14:50

ԵԱՏՄ-ին միանալուց հետո հայկական շուկայում կարող է աճել կեղծ դեղամիջոցների թիվը, որոնք կբերվեն միության այլ երկրներից: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել քիմիկոս Գայանե Խաչվանքյանը Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիայի Իրավաբանական անձանց միությունից: 

Նրա խոսքով, ռուսաստանյան շուկայում այսօր շատ են կեղծ դեղամիջոցները եւ ռիսկ կա, որ այդ դեղամիջոցները կարող են Հայաստան ներթափանցել: Դա կարող է մեծ վնաս հասցնել հայ սպառողների գրպանին եւ առողջությանը, չէ որ սովորաբար կեղծում են թանկ դեղամիջոցները  եւ եթե մարդն իր վերջին գումարը տա այնպիսի դեղամիջոցի գնմանը, որն իրականում կեղծված է եւ նրան ոչ մի կերպ չի օգնի, դա իսկական ողբերգություն կլինի:   

Գայանե Խաչվանքյանը նշել է, որ եթե դեղը գրանցված է ԵԱՏՄ-ի երկրներից մեկում, այն ինքնաբերաբար գրանցված կհամարվի նաեւ մյուսներում: Գրանցման ընթացքում դեղի որակը չի ստուգվում, այդ պատճառով այն ստուգելու միակ հնարավորությունը ներմուծման դեպքում է: 

Գայանե Խաչվանքյանի կարծիքով, անհրաժեշտ է Հայաստանում կեղծ դեղեր հայտնաբերելու նոր մեխանիզմներ մշակել: Նրա կարծիքով այդ հարցում կարող է օգնել դեղերի փորձաքննության կենտրոնը, որը պետք է ավելի շատ լիազորություններ եւ հնարավորություններ ունենա ստուգելու Հայաստան բերվող դեղերը: 

«Սահմանին, որտեղ հնարավոր է կանգնեցնել անորակ դեղերի մուտքը, միայն այդ կազմակերպությունն է կանգնած», - նշել է մասնագետը:

Սակայն այսօր Դեղերի փորձաքննության կենտրոնը ստուգում է ներմուծվող դեղերի ընդամենը 10 տոկոսը, ինչը իհարկե շատ քիչ է:  Եթե կենտրոնը հնարավորություն ստանար ստուգել գոնե 50 տոկոսը, դա կօգներ ավելի լավ ապահովել սպառողների անվտանգությունը կեղծ եւ անորակ դեղամիջոցների գնումից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում