Սրտխփոցի հաճախությունը մարդու առողջության մասին է խոսում

30 մայիսի, 2016  19:46

Սրտխփոցի մանր խնդիրները լավ առողջության մասին են վկայում, կարծում են Մյունխենի տեխնիկական համալսարանի գիտնականները: Նրանք կապ են հայտնաբերել  կյանքի տեւողության եւ սրտխփոցի միջեւ:  Մինչ նախորդ հետազոտությունների մեծամասնությունն ուսումնասիրում էր շնչառության ամբողջական ցիկլը, այս անգամ փորձագետները կենտրոնացել են արտաշնչման վրա: Իսկ ավելի ճշգրիտ` այն պահի, երբ սրտային կծկումների հաճախությունը սովորաբար նվազում է:  

Հետազոտության հեղինակ Դանիել Սիննեկերի (Daniel Sinnecker) խոսքով, նման մեթոդը թույլ է տալիս օրգանիզմի գործառնական վիճակի անհամեմատ ավելի ճշգրիտ պատկեր ստանալ: 

Փորձարկմանը 950 մարդ է մասնակցել, որոնք սրտային նոպա էին տարել եւ որոնց զարկերակը չափում էին:  Հետո այդ տվյալները վերլուծել են առիթմիայի շնչառական սինուսներ փնտրելու նպատակով: Մասնակիցները նման հետազոտություններ էին անցնում հինգ տարի շարունակ ամեն վեց ամիսը մեկ: Գիտնականները հայտնաբերել էին, որ պակաս արտահայտված առիթմիայով սրտի նոպայից հետո հիվանդները դիտարկվող ժամանակահատվածում մահվան ավելի բարձր ռիսկի էին ենթակա: 

Բացի այդ, աննշան առիթմիայով կամավորները հինգ անգամ ավելի էին ենթակա հետագա 5 տարում մահվան վտանգի, քան շնչառության ավելի հաճախակի տատանումներով մարդիկ: 

Փորձագետները համոզված են, որ իրենց բացահայտումը կհանգեցնի նոր մեթոդի, որը լայնորեն կկիրառվի բժշկական պրակտիկայում: 

Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Journal of the American College of Cardiology պարբերականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում