✕

Առողջ սննդակարգի հետեւելու 3 պատճառ

2 հունիսի, 2016  17:41

Սնունդը ոչ միայն քաղցը հագեցնելու միջոց է, այլեւ մեր օրգանիզմի համար շինանյութ:  Լրագրողների հետ հանդիպմանը դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը նշել է, որ հենց սննդից է կախված, թե մենք ինչ տեսք ունենք եւ ինչպես ենք զգում: 

Մասնագետը մի քանի պատճառ է նշել, թե ինչու է պետք հետեւել առողջ սննդակարգի` վնասակար մթեքների սահմանափակ օգտագործմամբ  (ինչպիսիք են շաքարը, աղը, վերամշակված սնունդը) եւ սննդակարգում բանջարեղենի, մրգերի, ամբողջական հատիկներից մթերքների գերակշռությամբ:  

1. Առողջության պահպանումը

Մասնագետի խոսքով, ճիշտ սնունդը կարող է օգնել պահպանելու առողջությունը: Ավելին, դրանից է կախված նաեւ մեր կյանքի որակը: 

Հայաստանում այսօր շատ բարձր է ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, դիաբետը եւ հիպերտոնիան:  Դրանց ի հայտ գալու մեջ մեծ դեր է խաղում հենց անառողջ սնունդը`  սննդակարգում բանջարեղենի եւ մրգերի պակասը, աղի եւ շաքարի ավելցուկը: Վնասակար մթերքներից հրաժարումը կարող է օգնել նվազեցնել այդ բոլոր հիվանդությունների զարգացման ռիսկը: Ավելին, առողջ սնունդը, ինչպես նշել է դիետոլոգը, կարող է օգնել նվազեցնել այն դեղերի քանակը, որոնք անհրաժեշտ են մարդուն: 

2. Գեղեցկության պահպանում

Սննդամթերքները շինանյութ են, որն օրգանիզմն օգտագործում է մեր մաշկի, մազերի, եղունգների վերականգնման համար: Եթե մենք վիտամիններով եւ հանքանյութերով հարուստ մթերքներ ենք ուտում, մեր օրգանիզմը լավ նյութ է ստանում, ինչի շնորհիվ պահպանում է մեր գեղեցկությունը: 

3. Մտավոր գործունեություն

Մեր սննդից կախված է ոչ միայն մեր ֆիզիկական մարմնի վիճակը, այլեւ մտավոր գործընթացները, որոնք տեղի են ունենում նրանում: Վարդանուշ Պետրոսյանը նշել է, որ օգտակար սնունդը մարդուն ավելի խելացի է դարձնում, օգնում է կենտրոնանալ, բարելավում է ուշադրությունը, հիշողությունը եւ կենտրոնացումը: 

Դիետոլոգը նաեւ նշել է, որ կարեւոր է ոչ միայն այն, թե ինչ ենք ուտում, այլեւ, թե մենք ինչպես ենք անում դա: Սննդի ընդունմանը անհրաժեշտ է ամեն օր բավարար ուշադրություն հատկացնել, ցանկալի է ուտել հաճելի ընկերակցությամբ եւ առանց շտապելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում