Արտերկիր գնալու կարիք չկա. եվրոպական որակով, բայց ավելի մատչելի, կանացի օրգանների քաղցկեղը կարելի է բուժել նաեւ Հայաստանում (ֆոտո)

6 հունիսի, 2016  21:07

2016թ. ապրիլին Օնկոգինեկոլոգների եվրոպական կոնգրեսի ժամանակ «Նաիրի» բժշկական կենտրոնի Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը պատմել է իրենց կլինիկայում իրականացված մի բացառիկ վիրահատության` լապարոսկոպիկ եղանակով տոտալ մեզոմետրիալ ռեզեկցիայի մասին:  Արտեմ Ստեփանյանը  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ այն  աշխարհում նման վիրահատության մասին երրորդ զեկույցն էր, ինչը Հայաստանի համար բավականին պատվաբեր է: 

Բժիշկը պարզաբանել է, որ տոտալ մեզոմետրիալ ռեզեկցիան արգանդի վզիկի քաղցկեղի բուժման տեխնիկապես բավականին բարդ, բայց ավելի քիչ տրավմատիկ մեթոդ է, որն առաջարկել է Լայպցիգի համալսարանական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Միխայել Հյոկելը: Տվյալ վիրահատության արդյունքները 15-20% գերազանցում են աշխարհում ընդունված ստանդարտ մոտեցումների արդյունքները: Այս տեխնիկան կիրառվում է Գերմանիայում, այն էլ ոչ բոլոր կլինիկաներում, իսկ ամբողջ աշխարհում արգանդի վզիկի քաղցկեղի բուժման  «ոսկե ստանդարտ» մինչեւ հիմա համարվում է Վերտհայմի վիրահատությունը: «Նաիրի» ԲԿ-ում Հյոկելի նոր տեխնիկան կիրառում են արդեն մեկ տարուց ավելի եւ նույնիսկ կարողացել են կիրառել ոչ թե բաց, այլ լապարոսկոպիկ եղանակով: 

Ի դեպ, Արտեմ Ստեփանյանին  տարբեր երկրներից պարբերաբար հրավիրում են  մաստեր կլաս անցկացնելու համար:

Բժիշկը պարզաբանել է, որ առհասարակ լապարոսկոպիկ օնկոգինեկոլոգիական վիրահատությունները (արգանդի վզիկի, արգանդի մարմնի եւ սկզբնական փուլի ձվարանի քաղցկեղ)  «Նաիրի» ԲԿ-ի հաղթաթուղթն են, Հայաստանի որեւէ այլ բժշկական հաստատությունում նման  վիրահատություններ չեն արվում:   Ձվարանի քաղցկեղի վերջին փուլերում հաջողությամբ կատարում են նաեւ ավելի ծավալուն եւ բաց վիրահատություններ, այս դեպքում հիվանդների ապրելիության վիճակագրական թվերը բավական բարձր են:  

Արտեմ Ստեփանյանը պատմել է, որ կլինիկայում յուրաքանչյուր հիվանդի համար հատուկ  Tumor Board է ստեղծվում, որի կազմում ընդգրկվում են բոլոր այն մասնագետները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ուռուցքային հիվանդի հետ` ճառագայթաբաններ, ուռուցքային վիրաբույժներ, ընդհանուր վիրաբույժներ, ուռոլոգներ, քիմիաթերապեւտներ եւ այլն: Նրանք բոլորը խորհրդակցելով որոշում են  տվյալ հիվանդի բուժման անհատական ռազմավարությունը եւ  պլան կազմում: Բարդ դեպքերում  board -ի աշխատանքներում ընդգրկվում են  արտասահմանցի անդամները, որոնք իրենց ոլորտում  «կարծիքի առաջատարներ»  (opinion leaders) են: 

Որակյալ բուժման համար կարեւոր է բուժանձնակազմի պրոֆեսիոնալ մակարդակը. ծառայության բոլոր բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են եվրոպական երկրներում: Արտեմ Ստեփանյանի խոսքով «Նաիրի» ԲԿ-ն զինված է ախտորոշման եւ բուժման վերջին սերնդի սարքավորումներով:   Այդ ամենը հնարավորություն է տալիս դասվել եվրոպական առաջատար բժշկական հաստատությունների շարքին։

Բժիշկը հավաստիացնում է, որ հայ հիվանդները կարիք չունեն իրենց ամբողջ ունեցվածքը վաճառել արտասահմանում բուժվելու համար։  «Գոնե այդ ուղղությամբ մենք կարող ենք երաշխավորել`  Եվրոպա մեկնելու կարիք չկա:  Ես բազմիցս  ուսումնասիրել եմ եվրոպական կլինիկաներում բուժվող հիվանդների էպիկրիզները, եւ ամեն անգամ համոզվել եմ, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում մենք նույն չափանիշներով ենք աշխատում», - ասել է նա:

Մեր զրույցի օրը Արտեմ Ստեփանյանը արտասահմանից երկու հիվանդի էր ընդունում, մեկը՝ Մոսկվայից, մյուսը` Լոս Անջելեսից: 

«Նաիրի» ԲԿ-ի օնկոգինեկոլոգիական ծառայությունը տարեկան ավելի քան 300 վիրահատություն է կատարում, դրանց կեսից ավելին չարորակ ուռուցքների հեռացման վիրահատություններ են: 

Առհասարակ կանանց մոտ տարածվածությամբ առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է: Արգանդի վզիկի, էնդոմետրիումի եւ ձվարանի քաղցկեղը միասին՝ երկու անգամ ավելի քիչ են հանդիպում, քան կրծքագեղձինը։  Տարածվածությամբ երկրորդ տեղում էնդոմետրիումի քաղցկեղն է, ապա արգանդի վզիկի եւ ձվարանի քաղցկեղը:

Արտեմ Ստեփանյանը նշում է, որ ծառայությունը հիմնականում շեշտը դնում է սեռական օրգանների ուռուցքների բուժման վրա, որովհետեւ այստեղ ավելի բարդ տեխնիկա է պահանջվում: Ինչ վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղին, դրա բուժումը Հայաստանում ընդհանուր առմամբ բավարար մակարդակի վրա է,  այստեղ նորմալ մրցակցություն կա, ոլորտն ապամենաշնորհված է: 

Արտեմ Ստեփանյանը նաեւ Youtube-ում ալիք ունի, որտեղ տեղադրում է իր վիրահատությունների տեսանյութերը: Ալիքն արդեն ավելի քան 150 հազար դիտում է ունեցել, ընդ որում վիրահատությունները դիտում են բժիշկներ մոլորակի տարբեր ծայրերից, ինչը ոգեւորում է բժշկին։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում