Սովորաբար ինչ սխալներ են թույլ տալիս մարդիկ ցնցուղ ընդունելիս

7 հունիսի, 2016  21:38

Ցնցուղ ընդունելիս մարդիկ բավականին հաճախ սխալներ են թույլ տալիս, որոնք վնաս են հասցնում առողջությանը: Բրիտանական The Daily Mail տաբլոիդը հարցում է անցկացրել փորձագետների շրջանում, որոնք պատմել են, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ ցնցուղ ընդունելիս տարածված սխալները եւ ինչպես կարելի է խուսափել դրանցից:  

Ամեն օր ցնցուղ ընդունել եւ երկար կանգնել դրա տակ

Կալիֆորնիայի համալսարանի Մաշկաբանության բաժանմունքի (ԱՄՆ) մասնագետների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ չափազանց հաճախ լվացվելը օգուտ չի տալիս, որովհետեւ խախտում է մաշկի բնական միկրոֆլորան: Դրա մակերեւույթից լվացվում են նաեւ օգտակար մանրէները, որոնք պաշտպանում են վարակներից եւ մաշկի բորբոքման ռիսկն աճում է: 

Բացի այդ, Մարիա թագուհու համալսարանի Բժշկության եւ ատամնաբուժության դպրոցի (Մեծ Բրիտանիա)  վիրուսոլոգիայի պրոֆեսոր Ջոն Օքսֆորդը  (John Oxford) պարզաբանել է, որ օգտակար մանրէներից բացի, մաշկից լվացվում է բնական ճարպային քսուքը, որը հանգեցնում է չորության, գրգռվածության, էկզեմայի: 

Մաշկաբան Անջալի Մախտոյի խոսքով (Anjali Mahto) վնասակար է 20 րոպեից ավելի մնալ ցնցուղի տակ: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ցնցուղից անմիջապես հետո խոնավեցնող քսուք քսել մաշկին, երբ բոլոր ծակոտիները բաց են: 

Եթե դուք բավականաչափ հաճախ եք լվանում ձեռքերը եւ կանոնավոր կերպով լվանում եք մարմինը գոտկատեղից ներքեւ, կարիք չկա շաբաթը երկու-երեք անգամից ավելի հաճախակի ցնցուղ ընդունելու, կարծում է Օքսֆորդը:  «Մենք չափից մեծ ուշադրություն ենք դարձնում արտաքին գեղեցկությանը եւ հաճելի հոտին: Բայց լվացվել անհրաժեշտ է մաշկային վարակների կանխարգելման համար, ոչ թե գեղեցկության», — նշել է մասնագետը:

Լվանալիս ակտիվորեն օճառ օգտագործել

Դա հատկապես վերաբերում է հակամանրէական օճառին եւ ցնցուղի համար գելերին: Լվացող միջոցները խախտում են բնական իմունիտետը, նպաստում են այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսին են ակնեն եւ էկզեման: Կեղտի հետ կանոնավոր շփումը մաշկի վրա եւ աղիներում ապրող բակտերիաներին սովորեցնում է օգտակար մանրէներին տարբերել հիվանդագիններից:  Նման շփման բացակայության պարագայում միկրոֆլորայի պաշտպանական գործառույթը խախտվում է: Բացի այդ, հակամանրէական օճառն այնպիսի նյութեր է պարունակում, որոնց պատճառով տուժում է միկրոֆլորայի հաշվեկշիռը, ինչը հանգեցնում է ողբալի հետեւանքների:  Հիվանդություն առաջացնում է ոչ թե ցեխը, այլ օգտակար մանրէների մշտական հեռացումը մաշկի մակերեւույթից:  

Որոշ մաշկաբանների կարծիքով, սովորաբար կարիք չկա լվացվման դեպքում ջրից բացի, որեւէ այլ բան օգտագործել: Մաշկի միակ հատվածները, որոնք լվացող միջոցների ամենօրյա օգտագործում են պահանջում, թեւատակերն են եւ աճուկային հատվածը:   Մնացած մարմինը կարելի է ջրով ցողել, նույնիսկ եթե դուք մարզումից հետո քրտնել եք: 

Հակամանրէական միջոցներ դեմքի մաշկի լվացման համար  

Դրանք չորացնում են մաշկը, ինչն ինքնին վնասակար է, իսկ դրա մաքրումը պահպանվում է   20 րոպեից ոչ ավելի: Հերիք է մի քանի անգամ ձեռքերով դիպչել դեմքին եւ մանրէները վերադառնում են, ընդ որում` նոր, ավելի վտանգավոր կազմով: 

«Մաքրումը հեռացնում է ճարպը եւ կեղտը, իսկ դուք ավելի լավ տեսք եք ունենում, բայց երբ մանրէները դարձյալ հայտնվում են դեմքին, մեծ է հավանականությունը, որ օգտակար մանրէների տեղը կզբաղեցնեն հիվանդածինները», — պարզաբանել է Աբերդինի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Հյու Փեննինգթոնը (Hugh Pennington): Դա կապված է դեմքի մաշկի չորության հետ, որն առաջանում է մաքրման համար հակամանրէական միջոցների կանոնավոր օգտագործման հետեւանքով: Չոր մաշկն ավելի քիչ է համապատասխանում օգտակար մանրէներին, քան խոնավեցվածը, այդ պատճառով հիվանդածին մանրէները բազմացման ավելի մեծ շանսեր են ունենում: 

Չարժե լվացվելու համար ճիլոպ օգտագործել

Մաշկի մեռուկացած մասնիկները, որոնք կուտակվում են վրան եւ լոգասենյակի խոնավ, տաք մթնոլորտը մանրէների եւ բորբոսային սնկերի բազմացման հրաշալի միջավայր են: Այդ պատճառով, ընդգծել է մաշկաբան Սեմ Բանթինգը  (Sam Bunting), ճիլոպը վարակի պոտենցիալ աղբյուր է: Ճիլոպով տրորելու դեպքում վատանում է մաշկի պաշտպանական գործառույթի խախտումը: 

Եթե դուք այնուամենայնիվ չեք կարող  լողանալ առանց ճիլոպի, մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ փոխել այն: Արհեստական նյութից ճիլոպն անհրաժեշտ է փոխել ամիսը երկու անգամից ոչ ուշ: Մաքրություն պահպանելու համար կարելի է այն թրջել եւ դնել միկրոալիքային վառարանը` միջին ռեժիմով,  30–60 վայրկյանով: Կարելի է նաեւ ճիլոպը լվանալ լվացքի կամ սպասք լվանալու մեքենայում:

Ճիլոպն անհրաժեշտ է պահել ոչ թե լոգասենյակում, այլ չոր, օդափոխվող տարածքում: Ինչ վերաբերում է բնական ճիլոպին, կարելի է այն վարակազերծել հետեւյալ եղանակով. Խնամքով լվանալ օճառով, հետո երկու ժամով դնել մեկ լ ջրի մեջ, որում   4 ճաշի գդալ քացախ են լուծել եւ չորացնել պատուհանի գոգին: 

Գլուխը լվանալ եւ ցողել չափազանց տաք ջրով

Վարսահարդար-ոճաբան Էնդրյու Բարթոնը (Andrew Barton) պարզաբանել է, որ գլխի մաշկին պետք է հոգ տանել ճիշտ այնպես, ինչպես մաշկին ընդհանուր առմամբ: Շամպունը պետք է քսել միայն գանգին, իսկ հետո ուղղակի լվանալ: Դա բավարար է մազերի զանգվածը լվալու եւ նրանց վնաս չհասցնելու համար: Գլուխը լվանալիս չարժե շատ ուժգնորեն մերսել գլխամաշկը, որովհետեւ դա ուժեղացնում է ճարպագեղձերի աշխատանքը եւ մազերն արդյունքում ճարպոտ կլինեն:  

Բարթոնն ընդգծել է, որ մազերն անհրաժեշտ է ցողել երկու անգամ ավելի երկար, քան շամպուն լցնել եւ այդ դեպքում չի կարելի տաք ջուր օգտագործել: Նման ջուրը նաեւ ակտիվացնում է ճարպագեղձերը եւ մազերն արագ կեղտոտվում են: Ցողելու համար անհրաժեշտ է տնային ջերմաստիճանի տաք ջուր օգտագործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում