«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել իրանցի 5 երեխա

23 հունիսի, 2016  18:07

Հունիսի 23-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել Իրանի Իսլամական Հանրապետության  5 քաղաքացի (11-13 տարեկան երեխաներ): Նրանք  հիվանդանոց են տեղափոխվել շտապ օգնության ծառայության միջոցով: Նույն օրն առավոտյան բոլոր երեխաների մոտ եղել է սրտխառնոց, փսխում, այնուհետեւ` լուծ:

Հիվանդանոց ընդունվելու պահին երեխաների վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Վարակաբանի կողմից նախնական ախտորոշվել է սուր գաստրոէնտերիտ: Հիվանդները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, ներկայումս նրանց վիճակը բավարար է:

Պարզվել է, որ հունիսի 22-ի առավոտյան զբոսաշրջության նպատակով Երեւան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Գորգան քաղաքի շուրջ 50 քաղաքացի, որոնց մեծ մասը  մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են` 11-13 տարեկան երեխաներ` ծնողների եւ մարզիչների ուղեկցությամբ: Խմբի 15 անդամ (5 մեծահասակ եւ 10 երեխա) վարձակալել է մասնավոր առանձնատուն։ Հիվանդանոց հոսպիտալացված  5 երեխան բնակվում է այդ տանը: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ նրանք հոսպիտալացման նախորդ երեկոյան տանն ընթրելիս կերել են Իրանից իրենց հետ բերված ձկան պահածո: Խմբի մյուս երեխաներն ու մեծահասակներն ընթրիքին բրինձ են կերել։ Նրանցից որեւէ մեկը որեւէ գանգատ չի նշում, բոլորն առողջ են:

Վարձակալված առանձնատանն ապրող երեխաների եւ նրանց ուղեկցող մեծահասակների հետ տարվել է բացատրական աշխատանք շոգ եղանակին սննդամթերքի ճիշտ պահպանման, մրգերի եւ բանջարեղենի պատշաճ լվացման, աղիքային վարակների, սննդային թունավորումների եւ այլ հարցերի վերաբերյալ:

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում նաեւ մեր բնակիչներին հետեւել սանիտարահիգիենիկ նորմերին եւ զգուշանալ սննդային թունավորումներից։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում