Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից

28 հունիսի, 2016  11:58

Ուլտրամանուշակագույն ճառագայթներն աչքի համար անտեսանելի են: Դրանց հիմնական աղբյուրն արեւն է:

Չափավոր քանակով այն դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: Արտահայտվում է իմուն համակարգի գործունեության, ոսկրային համակարգի ձեւավորման, նյութափոխանակության գործընթացների խթանմամբ, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, աշխատունակությունը եւ այլն: Սակայն չափից ավելի քանակով ուլտրամանուշակագույն ճառագայթումը (ճառագայթման ինդեքսի նորման` 7, ամռան ամիսներին հասնում է մինչեւ 12) վտանգավոր է եւ կարող է առաջացնել ինչպես սուր, այնպես եւ հեռավոր ախտահարումներ, գուշացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Մասնավորապես`

• արեւային այրվածք (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում),

• արեւահարություն,

• ֆոտոկոնյուկտիվիտ կոպերի ցավոտություն, կարմրություն,

• աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն,

• ֆոտոալերգիա,

• մաշկի չարորակ նորագոյացություն` մելանոմա:

Տեղային ախտահարումները կարող են ուղեկցվել նաեւ ընդհանուր տոքսիկ երեւույթներով` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում:

Անհրաժեշտ է հիշել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հատկապես բարձր է 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում: Ուստի, խորհուրդ է տվում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ առանձնակի զգայուն են երեխաները, ծերերը, հղիները, խրոնիկ հիվանդություններով տառապողները: Ցանկալի է, որ նրանք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է արյան շրջանառությունը եւ ջերմատվությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում