Սննդամթերքի որոշ համադրություններ այսօր մեծ ժողովրդականություն են վայելում, սակայն դիետոլոգները հավանություն չեն տալիս դրանց: Ահա այդ համադրություններից մի քանիսը:
Հիմնական ուտեստ եւ մրգեր
Ամենաանհաջողներից մեկը նրանք համարում են հիմնական ուտեստի եւ մրգերի համադրությունը: Մրգերն արագ մարսվում են, սակայն հատիկայինների կամ մսի հետ դրանց օգտագործման դեպքում դրանք մնում են ստամոքսում, ինչը հղի է աղիների պատերի վնասմամբ եւ ԱՍՏ-ի հետ կապված մի շարք խնդիրներով:
Լոլիկ եւ օսլա պարունակող ածխաջրեր
Մասնագետները բացատրել են, որ օսլա պարունակող ածխաջրերը եւ լոլիկն առանձին-առանձին վտանգավոր չեն, բայց դրանք միասին ուտելը կարող է մարսողության խնդիրներ առաջացնել: Այդ պատճառով չարժե բրինձը կամ կարտոֆիլն ուտել լոլիկի հետ. Նման համադրությունը կարող է ծանրության եւ անմարսողության հանգեցնել:
Կաթնամթերքը մրգերի հետ
Յոգուրտում պարունակվող բակտերիաները կարող են ռեակցիայի մեջ մտնել ֆրուկտոզայի հետ եւ ալերգիա առաջացնել, պնդում են բժիշկները: Այդ պատճառով, չնայած յոգուրտների եւ այլ կաթնամթերքների ժողովրդականությանը, այնուամենայնիվ ցանկալի է խուսափել դրանցից:
Միսը կարտոֆիլի հետ
Միսը եւ կարտոֆիլը «դասական զույգ» են, սակայն մարսողության համար այդ զույգը վնասակար է, պնդում են մասնագետները: Այս երկու մթերքի յուրացման համար օրգանիզմի արտադրած մարսողական ֆերմենտները վատ են «հարմարվում» իրար` անհարմարության զգացում եւ մետեորիզմ առաջացնելով:
Կաթով շիլա
Նախաճաշին հատիկաբույսերով եւ կաթով շիլան դիետոլոգներն արդեն «անպիտան» են համարել: Երկու մթերքն էլ հագեցած ածխաջրեր են պարունակում եւ արյան մեջ շաքարի կտրուկ ցատկ են առաջացնում, ինչը կարող է խախտել նորմալ հորմոնային գործընթացները եւ ախորժակի մեխանիզմը, նշել են փորձագետները:
Մթերքների վերոհիշյալ համադրություններից բացի, մասնագետները խորհուրդ են տվել մեկ ուտեստի մեջ չմիավորել կամ միասին չօգտագործել.
• գինին եւ քաղցրը,
• համբուրգերը եւ կարտոֆիլի ֆրին,
• թխվածքը եւ մրգահյութը:
Վերոհիշյալ բոլոր համադրությունները մարսողական եւ հորմոնային համակարգերի խախտումներ են առաջացնում` հանգեցնելով արյան մեջ շաքարի տատանման, վատ ինքնազգացողության եւ ներքին բորբոքումների եւ ճարպակալման զարգացման հավանականության:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում