Պրոզակը կօգնի Դաունի համախտանիշի դեպքում

11 օգոստոսի, 2016  21:38

Ֆլուոկսետինը, որը դեղատներում վաճառվում է Պրոզակ անունով, դրականորեն է ազդում Դաունի համախտանիշով հիվանդների գլխուղեղի աշխատանքի վրա, ցույց են տվել մի քանի հետազոտություն: Ճիշտ է, առայժմ փորձարկումներն իրականացվել են միայն մկների վրա, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ դեղամիջոցը նույն կերպ է ազդում նաեւ մարդկանց վրա: 

Տեքսասի Հարավ-արեւմտյան համալսարանին կից Բժշկական կենտրոնի մասնագետները   (The University of Texas Southwestern Medical Center) մոտ ժամանակներս նախատեսել են հետազոտություն անցկացնել: Դրան կմասնակցեն հղի կանայք, որոնց ապագա երեխայի մոտ Դաունի համախտանիշ է ախտորոշվել:  Հետազոտողները նախատեսում են պարզել, թե Պրոզակի ընդունումը կօգնի արդյոք հղիության ընթացքում ազդել այդ համախտանիշով տառապող նորածինների ուղեղի աշխատանքի վրա, ինչպես նաեւ հիվանդության ախտանիշների արտահայտվածության: 

Նախատեսված է, որ հետազոտությունը կսկսվի երեք տարուց. կանայք Պրոզակ կընդունեն հղիության մնացած ընթացքում, իսկ Դաունի համախտանիշով ծնված երեխաները դեղամիջոցի օգտագործումը կշարունակեն եւս երկու տարի: 

Հետազոտության անցկացման համար միջոցները հավաքվել են քրաուդֆանդինգային հարթակներից մեկում Պոլ Ուոթսոնի կողմից (Paul Watson), որի 14-ամյա որդին Պրոզակ է ընդունել, ինչը դրականորեն է ազդել երեխայի մտածողական կարողությունների վրա: Նման փորձով կիսվել են նաեւ Ուոթսոնի այլ ծանոթներ, որոնք նման ախտորոշմամբ երեխաներ են դաստիարակել: 

Ծնողները սկսել են Դաունի համախտանիշով երեխաներին ավելի հաճախ Պրոզակ տալ այն բանից հետո, երբ հրապարակվել են մկների վրա դեղամիջոցի փորձարկումների արդյունքները: Կրծողները դեղը ստացել են հղիության ընթացքում եւ լույս աշխարհ եկած սերնդի մոտ գործնականում բացակայել են Դաունի համախտանիշի ախտանիշները: Հետազոտողները նշում են, որ  սաղմնային շրջանն առավել հարմար է նման թերապիայի համար, չէ որ հենց այդ ժամանակ է տեղի ունենում գլխուղեղի զարգացումը:  

Սակայն մտավախություն են առաջացնում Պրոզակի հետ կապված հնարավոր երկրորդական հետեւանքները: Հետազոտություններից մեկում ցույց է տրվել, որ այդ հղիության ընթացքում այդ դեղամիջոցի օգտագործումը մեծացնում է բնածին արատների առաջացման վտանգը, այլ գիտնականներ պնդում են, որ բարդությունների առաջացման վտանգը բավականին փոքր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում