Ինչո՞ւ մարզումներից հետո չի կարելի միրգ ուտել

22 օգոստոսի, 2016  22:17

Մրգերն առողջության համար օգտակար են, քանի որ քիչ կալորիա եւ շատ վիիտամիններ ու հանքանյութեր են պարունակում: Սակայն դա չի նշանակում, որ միրգ կարելի է ուտել ցանկացած քանակով եւ օրվա ցանկացած ժամին: Մարզումներից հետո մրգի օգտագործումն, օրինակ, կարող է խոչընդոտել ավելորդ քաշից ազատվելուն, պնդում է Մեծ Բրիտանիայի պրոֆեսիոնալ մարզիչներից Քալլում Մելլին:

Մասնագետի խոսքով՝ ամենից առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե օրգանիզմում ածխաջրերն ինչպես են տարրալուծվում, այդ ժամանակ կհասկանանք, թե երբ են անհրաժեշտ մրգերը: Ածխաջրերը օրգանիզմում պահպանվում են երկու ձեւով՝ կամ որպես մկանային գլիկոգեն, կամ լյարդային գլիկոգեն: Մկանային գլիկոգենի համար օրգանիզմն օգտագործում է օսլա պարունակող մթերքներ, իսկ լյարդայինի համար՝  ֆրուկտոզա (մրգերից ստացվող բնական շաքար):

«Բանն այն է, որ մարդիկ հաճախ մոռանում են կամ չեն հասկանում, որ սնունդը վառելանյութ է, եւ այն պետք է կիրառել միայն էներգիայի  ամենօրյա պահանջը լրացնելու համար, հատկապես եթե խոսքը ածխաջրերի մասին է»,- նշել է մարզիչը:

Նրա խոսքով՝ ածխաջրերը էներգիայի կարեւոր աղբյուր են, որն անհրաժեշտ է եւ՛ մկանների, եւ՛ ուղեղի աշխատանքի համար: Այդ պատճառով այն պետք է ուտել այն ժամանակ, երբ օրգանիզմն այդպիսի էներգիայի կարիք ունի:

Մարդկանցից շատերը սխալմամբ կարծում են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից անմիջապես հետո պետք է միրգ օգտագործել՝ մկանային գլիկոգենը լրացնելու համար: Բայց ճշմարտությունն այն է, որ մրգերը միայն լյարդային գլիկոգենն են լրացնում, իսկ մկանային գլիկոգենը պետք է լրացնել օսլա պարունակող մթերքների օգնությամբ՝ ՝ բրնձի եւ կարտոֆիլի:

Այդպիսով, ե՞րբ է անհրաժեշտ օգտագործել մրգեր: Մասնագետի կարծիքով՝ առավելագույն էներգիա ստանալու համար ավելի լավ է դա առավոտյան անել եւ մինչեւ ֆիզիկական ծանրաբեռնվածության սկիզբը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում