Կոնտակտային լինզաներով քնելու եւ լողալու սովորությունը կարող է կուրության հանգեցնել

22 օգոստոսի, 2016  23:48

Մարդկանց, որոնք անզգուշության կամ մոռացկոտության պատճառով քնում են կոնտակտային լինզաներով, կուրություն է սպառնում կամ տեսողության հետ կապված անբուժելի խնդիրներ, պնդում են ամերիկացի ակնաբույժները: Նրանց խոսքով՝ կոնտակտային լինզաների հետ կապված բոլոր ինֆեկցիաների մի մասը հանգեցնում է տեսողության վնասման:

Լինզաներն օգտագործելիս թույլ տրվող ամենահաճախակի սխալը դրանցով քնելու սովորությունն է: Դա 8 անգամ մեծացնում է ինֆեկցիաների վտանգը: Ծայրահեղ վտանգավոր է նաեւ լինզաները նախատեսվածից կամ մասնագետների խորհուրդ տված ժամկետից ավելի երկար կրելը, դրանք հոսող ջրով լվանալը կամ առանց լինզաները հանելու լողավազանում լողալը:

«Կոնտակտային լինզաները տեսողությունը կարգավորելու անվտանգ եւ արդյունավետ միջոց են, երբ այն հրահանգներին համապատասխան են կրում: Սակայն վիճակագրությունը ցույց է տվել, որ մարդկանցից շատերը այս կամ այն պատճառներով չեն հետեւում տվյալ հրահանգներին: Իսկ այդպիսի դեպքերում լինզաները աչքերի համար բավական վտանգավոր են դառնում. Դրանք կարող են հանգեցնել տեսողության մշտական վնասման, որոնք կպահանջեն եղջերաթաղանթի փոխպատվաստում: Կոնտակտային լինզաներ պգտագործողների 10 տոկոսից ավելին, որոնք խախտում են հիգիենայի կանոնները, աչքերի մեջ այնպիսի ուժեղ ցավ են ունենում, որ դիմում են հիվանդանոց, իսկ նրանցից 25 տոկոսը հոսպիտալացվում է: Երբեք չի կարելի քնել կոնտակտային լինզաներով, եթե միայն նման խորհուրդ չի տվել ակնաբույժը»,- ասել է ԱՄՆ Հիվանդությունների հսկման եւ կանխարգելման կենտրոնի ակնաբույժ Մայքլ Բիչը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում