Ո՞ր դիրքով է նախընտրելի քնել

21 սեպտեմբերի, 2016  11:59

Շատերը այնքան են սովորել սխալ դիրքերով քնելուն, որ ճիշտ դիրքերը նրանց կարող են սարսափելի անհարմար թվալ: Եվ այսպես, ո՞ր դիրքերով է ճիշտ քնել, իսկ որ դիրքերով՝ ոչ:

Փորի վրա քնելը, շատ մասնագետների կարծիքով, վատ մտահղացում է, չնայած փորի վրա քնելը օգնում է մարսողությանը ու կարող է ազատել խռմփոցից, բայց այն ցավեր է առաջացնում վզի ու ողնաշարի մասերում եւ կարող է նպաստել ողնաշարի ծռվելուն:

Իսկ ահա կողքի շրջված՝ ոտքերի արանքում դրված լրացուցիչ բարձով քնելը լավ մտահղացում է: Այս դիրքով են խորհուրդ տալիս քնել նաեւ հղի կանանց՝ ավելին, շուկայում այսօր կարելի է գտնել հատուկ բարձեր՝ նալի տեսքով, որոնք կարելի է գրկել ձեռքերով կամ ոտքերով՝ դրանք կարող են առավելագույն հարմարավետություն ապահովել քնի ժամանակ:

Քնի համար լավ է նաեւ մեջքի վրա դիրքը՝ գոտկատեղի տակ ու ծնկերի տակ լրացուցիչ բարձերով, վստահեցնում են մասնագետները: Սակայն այս դիրքով ոչ բոլորին է հարմար քնելը:

Մասնագետները նաեւ նշում են, որ հարմարավետ քնի համար կարեւոր է ճիշտ ընտրված ներքնակն ու բարձը, իսկ քնի համար սենյակը պետք է մութ ու լավ օդափոխվող լինի: Այսօր շատերը խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ սինթեթիկ բարձերին ու մատրասներին, որոնց վրա տիզեր չեն լինում ու որոնք նվազ ալերգիկ են քան փետրով լցված բարձերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում