Ալցհայմերի դեմ իդալոպիրդին դեղամիջոցի փորձարկումները ձախողվել են

23 սեպտեմբերի, 2016  21:30

Դանիական դեղագործական H Lundbeck A/S ընկերությունը հայտնել է, որ անհաջողությամբ է ավարտվել Ալցհայմերի հիվանդության դեմ պայքարի համար նախատեսված իդալոպիրդին դեղամիջոցի կլինիկական հետազոտությունների ուշ փուլը,   դանիացի հետազոտողները դեղամիջոցը մշակել էին ճապոնական Japan's Otsuka Pharmaceutical Co Ltd դեղագործական ընկերության հետ միասին:

Գիտնականները հայտնել են, որ դեղամիջոցի փորձարկվող երկու չափաբաժինն էլ քիչ արդյունավետ էին եւ չեն դանդաղեցրել այդ հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ մտածողական կարողությունների նվազումը:  Հետազոտողներն օգտվել են մտածողական կարողությունների գնահատման  ADAS-cog սանդղակից. հիվանդներին առաջարկվել է մի շարք կարճ թեստեր կատարել, որոնցում մասնակիցները պետք է մտապահեին եւ վերարտադրեին բառերի ցուցակներ, առարկաների անուններ տային, պարզ  երկրաչափական ֆիգուրներ պատկերեին: Այդ եւ այլ թեստերի համար հիվանդներին մոտ մեկ ժամ էր անհրաժեշտ լինում, նրանք այդ թեստերն անցնում էին ինչպես բուժման կուրսը սկսելուց առաջ, այնպես էլ դրանից հետո: 

Կլինիկական փորձարկումների ավելի վաղ փուլերում ցույց էր տրվել, որ իդալոպիրդինն անվտանգ է եւ հիվանդները լավ են տանում դա, իսկ  II փուլի արդյունքները բավականին ոգեշնչող էին հետազոտողների համար: Ընդ որում, արդեն հայտնի է դարձել, որ հետագա փորձարկումների ընթացքում գիտնականները հիվանդներին ավելի ցածր չափաբաժին էին տալիս լյարդի վրա դեղամիջոցի հնարավոր թունային ազդեցության պատճառով: 

Դեղագործական ընկերության ներկայացուցիչները նշել են, որ հետազոտությունները կշարունակվեն, իսկ արդյունքները կհրապարակվեն  2017 թվականի առաջին եռամսյակում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում