Մելոդրամների դիտումը ցավազրկող ազդեցություն է ունենում

24 սեպտեմբերի, 2016  14:28

Մելոդրամների դիտումը նպաստում է հանդուրժողականության եւ էմպատիայի զարգացմանը, գրում է  Daily Mail-ը` վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի հետազոտությունը:  Ֆիլմերի դիտման ընթացքում ուրիշների ապրումների մեջ ընկղմվելն օրգանիզմում էնդորֆինների ներհոսք եւ քիմիական հզոր ռեակցիներ է առաջացնում, ինչը ստիպում է ավելի շատ ապրումնակցել մտերիմներին, ինչպես նաեւ ավելի  աննկուն դիմանալ սեփական ցավին: 

Կամավորներին, որոնք համաձայնել են մասնակցել փորձարկմանը, երկու խմբի են բաժանել: Առաջինին ցույց են տվել «Ստյուարտ. Անցած կյանք» ֆիլմը, որն անտուն մարդու վերաբերյալ դրամատիկական պատմություն է: Երկրորդ խումբը չեզոք թեմաներով փաստագրական ֆիլմեր է դիտել:   

Փորձարկման շրջանակում մարդկանց խնդրել են ծալված ոտքով հենվել պատին եւ այդ անհարմար դիրքում մնալ երկար ժամանակ: Նրանք, ովքեր այդ ընթացքում մելոդրամ են դիտել, կարողացել են այդ դիրքում անհամեմատ ավելի երկար մնալ: Հարցումները ցույց են տվել, որ փորձարկվողները դիտման ընթացքում հուզական ամուր կապ են զգում հերոսների հետ եւ սովորում են այն զգալ իրական կյանքում` իրական մարդկանց հետ: 

 «Նրանք, ովքեր հուզական մեծ ցնցում էին ապրել, ցավային ավելի բարձր շեմ են դրսեւորել եւ ավելի մեծ չափով են կապ զգացել խմբի իրենց ընկերների հանդեպ», - հետազոտության արդյունքներն է բարձրաձայնել էվոլյուցիայի հոգեբանության պրոֆեսոր Ռոբերտ Դանբարը: 

Գիտնականը նաեւ նշել է, որ իր թիմն այդ քիմիական գործընթացը դրամայի հանդեպ մեր հակման միակ պատճառը չի համարում, կան նաեւ մարդկային հոգեբանության այլ կողմեր: Բայց դա բավականին կարեւոր պահ է, որը բացատրում է, թե մենք  ինչու ենք նման հաճույք ստանում գեղարվեստական ֆիլմերից: 

Էնդորֆինի էֆեկտ է դիտարկվում նաեւ նրանց շրջանում, ովքեր կատակերգություններ են դիտել, երգել են կամ պարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում