Հայաստանը առողջության միջազգային վարկանիշում 86-րդ տեղն է զբաղեցրել

26 սեպտեմբերի, 2016  14:22

Հայաստանը 86-րդ տեղն է զբաղեցրել  բժշկական հեղինակավոր The Lancet բժշկական ամսագրի կազմած վարկանիշում ըստ կայուն զարգացման 33 բժշկական ցուցիչների: Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Իսլանդիան, առաջին հնգյակի մեջ են մտել նաեւ Սինգապուրը, Շվեդիան, Անդորրան եւ Մեծ Բրիտանիան: 

Երկրների` բժշկության, կյանքի եւ առողջության հետ կապված կայուն զարգացման ինդիկատորներով  վարկանիշը կառուցվում է` ելնելով   33 ցուցիչների գումարային գնահատականից, որոնցից յուրաքանչյուրը հաշվարկվում է 0-ից  (վատագույն արդյունքը) մինչեւ 100 սանդղակով: Չափանիշներից հաշվի է առնվել մանկական եւ նորածնային մահացությունը, ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացությունը, երեխաների ավելորդ քաշը, ալկոհոլի օգտագործման եւ ծխելու մակարդակը, ՄԻԱՎ-ով, տուբերկուլոզով, հեպատիտ B-ով հիվանդացումը, ինչպես նաեւ ինքնասպանությունների թիվը:  Բացի այդ, փորձագետներն ուսումնասիրել են բռնի գործողություններից եւ պատերազմներում մահացությունը: Յուրաքանչյուր չափանիշով հաշվարկն իրականացվել է  1990-ից մինչեւ 2015  թվականի իրավիճակի վերլուծության վրա:

Վարկանիշի առաջատարները` Իսլանդիան, Սինգապուրը եւ Շվեդիան, 100 հնարավորից 85 միավոր են հավաքել: Հայաստանը 61 միավոր է հավաքել: Վարկանիշի հեղինակները բարձր են գնահատել Հայաստանի հաջողությունները ծննդօգնության, մալարիայի եւ այլ արեւադարձային հիվանդությունների դեմ պայքարում: Վարկանիշի համաձայն, գործերը վատ չեն նաեւ երեխաների նորմալ աճի եւ զարգացման ապահովման, սանիտարական պայմանների կազմակերպման, ինչպես նաեւ հարբեցողության, ընտանեկան բռնության եւ օդի աղտոտվածության դեմ պայքարի գործում:  

Ինչ վերաբերում է խնդիրներին, վարկանիշը ցույց է տվել, որ վիճակն առայժմ բավականին վատ է ջրի մաքրության եւ անվտանգության եւ հեպատիտ В-ի տարածվածության առումով:  Խնդիրներ են գրանցվել նաեւ մայրական եւ մանկական մահացության, վթարների հետեւանքով վնասվածքների եւ մի շարք այլ ոլորտներում:  

ԱՄՆ-ն վարկանիշում 28-րդ տեղն է զբաղեցրել ՄԻԱՎ-ի, ինքնասպանությունների եւ բռնության հետ կապված խնդիրների պատճառով: ԱՄՆ-ին հետեւում են Էստոնիան եւ Նոր Զելանդիան:  

Ռուսաստանը վարկանիշում 119-րդ տեղն է զբաղեցրել 54 միջին ցուցանիշով, դա նախկին ԽՍՀՄ-ի երկրների մեջ ամենավատ վարկանիշային դիրքերից է: Ռուսաստանն առավել ցածր միավորներ է ստացել երկրում հարբեցողության հետ կապված խնդիրների, ինչպես նաեւ ինքնասպանության եւ բռնության հետ կապված խնդիրների պատճառով:

Ադրբեջանը 75-րդ տեղն է զբաղեցրել, Թուրքիան` 103-րդ, Իրանը` 104-րդ, Վրաստանը` 106-րդ:

Վերջին` 188-րդ տեղը զբաղեցրել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, որտեղ հիգիենայի պահպանման հետ կապված ամենավատ իրավիճակն է արձանագրվել, ինչպես նաեւ պատերազմներից եւ մալարիայից շատ բարձր մահացություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում