Այսօր կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է. Ինչպես խուսափել հիվանդությունից

28 սեպտեմբերի, 2016  12:51

Կատաղությունը (հիդրոֆոբիա) սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներին բնորոշ ախտանշաններով: Դրանք են` լուսավախությունը եւ ջրավախությունը: Մարդու մոտ կլինիկական այս ախտանշանների ի հայտ գալու դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:

Բնության մեջ վարակի հիմնական աղբյուրը եւ պահոցը (ռեզերվուար) գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետներն են, իսկ կենցաղում` ընտանի կենդանիները (շներ, կատուներ), գյուղատնտեսական կենդանիները:

Մարդու համար վարակի աղբյուր կարող են լինել հիվանդության գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսեւորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը պայմանավորված է վնասվածքի/կծվածքի տեղակայմամբ, ծանրությամբ եւ կարող է տատանվել մի քանի օրից մինչեւ 1 տարի եւ ավելի:

Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու, ճանկռելու եւ այլնի արդյունքում, ինչպես նաեւ թքոտում` մաշկի եւ արտաքին լորձաթաղանթների ամբողջության պահպանման դեպքում):

Կատաղություն հիվանդության հարուցիչը լավ պահպանվում է ցուրտ պայմաններում, արագ ոչնչանում է մինչեւ 56 աստիճան տաքացնելիս:

Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաեւ բուժում՝ հետեւաբար անհրաժեշտ է կենդանիների (հատկապես՝ թափառող, անհայտ եւ վայրի) կծելու, մաշկը թքոտելու դեպքում, մանավանդ, երբ կա մաշկի վնասվածք, ԱՆՄԻՋԱՊԵՍ դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու եւ հիվանդության զարգացումից զերծ մնալու համար:

Հայաստանի Հանրապետությունում կատաղության դեպքեր վերջին անգամ արձանագրվել են 2009 թվականին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում