Մարդիկ չեն կարող 125 տարուց ավելի ապրել. հետազոտություն

6 հոկտեմբերի, 2016  10:50

Մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը (այսինքն՝ կյանքի առավելագույն տեւողությունը, որի միջին ցուցանիշը հաշվարկվել է ըստ Երկրի բոլոր երկարակյացների) կազմում է 115 տարի, պարզել են ամերիկացի բժիշկները: Գիտնականների եզրակացությունների համաձայն՝ մարդու կյանքի տեւողության բացարձակ սահմանը հավասար է 125 տարվա:

Հետազոտոթյան համաձայն՝ բժշկության հետագա բարելավումը կյանքի տեւողությունն անսահման չի մեծացնի. մարդու տարիքի սահմանը կազմում է մոտ 100 տարի, որին հասնելու դեպքում մահացությունը կտրուկ աճում է՝ անկախ արտաքին գործոններից:

Մարդու կյանքի տիպական տեւողությունը ինչ-որ մշտական նիշ չէ. մինչ քաղաքակրթության ի հայտ գալը այն կազմում էր 20-ից 30 տարի, հետո անշեղորեն աճել է գիտության եւ բժշկության զարգացմանը զուգահեռ: Այժմ աշխարհի երկրների մեծ մասում մարդիկ 60 տարուց ավելի են ապրում, եւ 80 տարուց ավելի՝ Ճապոնիայում եւ այլ զարգացած երկրներում, որոնք կյանքի բարձր որակ եւ առաջնակարգ բժշկություն ունեն:

Նյու Յորքի համալսարանից Յան Վիյգը եւ նրա գործընկերները ստեղծել են վերջին 100 տարվա ընթացքում հավաքած մահացության տվյալների վերլուծության  յուրահատուկ մեթոդ: Նրանց ոչ թե որոշակի տարիքում մարդկանց մահացության քանակն է հետաքրքրել, այլ թե մահացած մարդկանց շրջանում որտեղ է նկատելի անկում տեղի ունենում՝ ավելի վաղ եւ ավելի ուշ տարիների տվյալների համեմատությամբ:

Եթե կյանքի տեւողության սահման չկա, ապա «ապրելու այդ կուզը», ինչպես այն անվանում են գիտնականները, մշտապես եւ սահուն կշարժվի ավելի մեծ տարիքի ուղղությամբ: Իսկ եթե այն գոյություն ունի, ապա այդ «կուզը» որոշակի կետում կկանգնի եւ առաջ չի շարժվի:

Վիյգի խումբը վերլուծել է, թե վերջին 40 տարիների ընթացքում մահացությունն ինչպես է փոխվել Ֆրանսիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում, հատուկ ուշադրություն դարձնելով, թե քանի տարեկանում են մահացել այդ երկրներում ամենից երկար ապրած մարդիկ:

Պարզվել է, որ «ապրելու կուզը» աստիճանաբար դեպի ավելի հասուն տարիք է շարժվել մինչեւ 1980-ական թվականների կեսերը, որից հետո աճը դադարել է: Իր հերթին, այս կամ այն տարեթվին մահացող մարդկանց առավելագույն տարիքը  վերջին 20 տարում ոչ միայն չի աճել, այլեւ զգալիորեն կրճատվել է 1997 թվականին մոլորակի ամենատարեց բնակչուհի Ժաննա Կալմանի՝ 122 տարեկանում մահանալուց հետո:

Գիտնականներն ընդհանուր առմամբ գնահատում են տարեկան հավանականությունը, որ գոնե մեկ մարդ հասնի 125 տարեկան տարիքին եւ դրանից հետո նոր մահանա, 1 հնարավորություն 10 հազար փորձից: Այսպիսի ցածր հավանականությունը վկայում է, որ մարդու կյանքի տեւողության սահման գոյություն ունի, եւ այն հավասար է մոտ 100 տարվա: Կարելի է ասել, որ մարդկությունն արդեն հասել է իր սահմանին, որը նա ինքնուրույն չի կարող հատել՝ առանց կենսագործունեության մեջ արհեստական միջամտության:

Գիտնականների կարծիքով՝ ինֆեկցիոն եւ քրոնիկական հիվանդությունների բուժման եւ կանխարգելման հետագա առաջընթացը կարող է մեծացնել կյանքի միջին տեւողությունը, բայց ոչ առավելագույն միջին տեւողությունը:

Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում