Հիվանդագին ճարպակալմամբ կինը հղիացել է նույնիսկ արգանդափողերը կապելուց հետո (ֆոտո)

18 հոկտեմբերի, 2016  15:54

Ամերիկյան Նյու Յորք նահանգի Սիրակուզա քաղաքից Լորեյնի արգանդափողերը կապել են դեռեւս 6 տարի առաջ, ինչից հետո նա պետք է անպտուղ դառնար: Չնայած դրան՝ Լորեյնը, ի զարմանս ընտանիքի եւ բժիշկների, հղիացել է:

Լորեյնը հիվանդագին ճարպակալմամբ է տառապում (նրա մարմնի զանգվածի ինդեքսը 70 է), ինչը լուրջ բարդություններ կարող է առաջացնել հղիության եւ ծննդաբերության ժամանակ:

Բացի այդ՝ նա արդեն երկու երեխա ունի եւ չէր ծրագրում երրորդին լույս աշխարհ բերել: Ամեն դեպքում, կինը որոշել է փորձել պահպանել երեխային:

«Լորեյնի հղիությունն արտակարգ դեպք է, քանի որ գործ ունենք այնպիսի հիվանդի հետ, որոնց մոտ բարդությունների վտանգը զգալիորեն աճում է: Արգանդափողի կապումը հուսալի միջոց է համարվում, բայց բժշկությանը հայտնի են դեպքեր, երբ կանայք հղիանում են նույնիսկ այդ գործողությունից հետո»,- պատմել է բժիշկ Ռոբերտ Սիլվերմանը:

Բարեբախտաբար՝ հղիության ընթացքում լուրջ բարդություններ չեն եղել, եւ Լորեյնը կեսարյան հատումով առողջ տղա է լույս աշխարհ բերել: Ամուսնու հետ երեխային Դալլաս են կոչել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում